Շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը՝ Սենատը և Ներկայացուցիչների պալատը, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումից հետո կարող ենք ասել, որ ԱՄՆ կառավարությունը, այսինքն՝ Միացյալ նահանգներն ամբողջությամբ, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Մարուքյանի խոսքով՝ մեր դեսպանատները շարունակում են աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ բանաձևերի ներկայացման, թուրք-ադրբեջանաական բարաձևերի դեմ պայքարի միջոցով: Նա կարծում է, որ այն դրական արձանագրումները, որոնք ունենք այս հարցում, ինչպես ՀՀ կառավարությունների, այնպես էլ սփյուռքի և սփյուռքի հայկական կառույցների շնորհիվ է:
«Պետք է հզոր պետություն կառուցենք՝ ուժե ինստիտուտներով, որպեսզի մեր իրավունքները վերականգնվեն և որպեսզի կանխենք մեր նկատմամբ իրագործվող ցանկացած ցեղասպանություն: Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի Արցախում, 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է»,- ընդգծեց պատգամավորը: