Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին: Նա հայտարարել է, որ Ցեղասպանության մասին հիշելը և նրա զոհերին ոգեկոչելը պահանջում է մշտական աշխատանք:
«Մենք այսօր ոգեկոչում ենք հարյուր հազարավոր հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան կայսրությունում: Այս ցեղասպանության մասին հիշելը և նրա զոհերին ոգեկոչելը պահանջում է մշտական աշխատանք: Սակայն մենք չպետք է նայենք միայն անցյալին, այլև ներկային և ապագային:
Ես, որպես Եվրամիության քաղաքացի, հասկացել եմ, որ ժողովուրդները, որոնք տասնամյակներ շարունակ պատերազմի մեջ են եղել իրար դեմ, կարող են հասնել համակեցության:
Հուսով եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես հաշտեցում կկայանա: Ցանկալի է, որ Թուրքիան այս առումով առաջին քայլը կատարի: Այս հարցում բավարար գիտակցություն ցուցաբերելը նույնքան կարևոր է, որքան Ցեղասպանության մասին հիշողությունը»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը: