Այս տարվա առաջին եռամսյակը խիստ լարված և լրատվամիջոցների համար անբարենպաստ ժամանակաշրջան է եղել: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ հետպատերազմյան շրջանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում լրագրողներն ու օպերատորները ճնշումների են ենթարկվել: Մելիքյանը հայտնեց, որ 2021-ի առաջին երեք ամսում արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 7 դեպք, ինչը, ըստ նրա, խիստ մտահոգիչ է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնության դեպք չի գրանցվել, 2019-ի առաջին եռամսյակում եղել է բռնության 2 դեպք: 2020-ին լրագրողների նկատմամբ ընդհանուր առմամբ բռնության 6 դեպք է արձանագրվել: Մելիքյանն ասաց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հիմնականում տուժել են ակցիաների ժամանակ՝ թե՛ ոստիկանների, թե՛ ակցիայի մասնակիցների գործողությունների հետևանքով:
Նշված ժամանակահատվածում, Մելիքյանի խոսքով, գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների 20 դեպք՝ սպառնալիք, վիրավորանք, արհամարհանք, նսեմացման միտումով գործունեության խոչընդոտումներ և այլն: Այս դեպքերը, ըստ նրա, 2.5 անգամ ավելի պակաս են, քան 2020-ի առաջին եռամսյակում: «Նախորդ տարի կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ լրատվամիջոցներին ստիպում էին հեռացնել որոշ հրապարակումներ, ուստի այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել»,- պարզաբանեց Մելիքյանը:
Նա ասաց, որ առաջին եռամսյակում արձանագրվել է լրագրողի տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 15 դեպք, ինչը նույնպես պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերից: Մելիքյանն ընդգծեց, որ լրատվամիջոցները շարունակում են դժգոհել պետական գերատեսչությունների աշխատանքից, հարցերի պատասխանները, ըստ նրա, անհարկի ձգձգվում են: Մելիքյանի խոսքով՝ 15-ից 2-ի դեպքում է միայն լրատվամիջոցը դիմել դատարան իր իրավունքները պաշտպանելու համար:
ԽԱՊԿ նախագահը նշեց, որ առաջին եռամսյակում արձանագրվել է 12 դատական նոր հայց՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: 10 հայցերը վիրավորանքի և զրպարտանքի դեպքերով են, 2-ն այլ վեճեր են: Մելիքյանն ասաց, որ 2021-ի առաջին երեք ամսում դատական գործերի քանակը նվազել է, սակայն մտահոգիչ է, որ գործերի զգալի մասն առնչվում է վիրավորանքին և զրպարտանքին: «Դատական գործերից 6-ը ներկա և նախկին պաշտոնյաների և նրանց հետ կապակցված անձանց կողմից են: Տարեկան զեկույցում այս առիթով մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ պետդեպը՝ արձանագրելով, որ պաշտոնյաները հաճախ դիմում են դատարան՝ փորձելով այդկերպ ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա: Միաժամանակ ֆեյք լուրերը, վիրավորանքն ու զրպարտանքը շարունակում են լայն տարածում գտնել մեր լրատվական դաշտում, դա դարձել է քաղաքական պայքարի ձև, լրատվամիջոցների զգալի մասը քաղաքական համակարգի մաս է կազմում և կեղծ լուրերի, ատելության խոսքի տարածման արդյունքում է, որ դատական գործերի քանակն ավելանում է»,- ընդգծեց Մելիքյանը:
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած միջադեպին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցները կա՛մ պետք է անջատեին ուղիղ եթերը՝ չհեռարձակելով հայհոյանքները, կա՛մ պետք է անջատեին ձայնը՝ թողնելով պատկերը, և իրենք նկարագրեին՝ ինչ է կատարվում, սակայն, ըստ նրա, «որոշ լրատվամիջոցներ ուղղակի նպատակ էին դրել ցույց տալու, թե ինչպես է այդ մասսան վարչապետի հասցեին հայհոյանքներ տեղում»: