Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի հրապարակած կարծիքն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խիստ դրական է՝ ասում է փոփոխությունների փաթեթի աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը:
Երեկ հրապարակված համատեղ կարծիքում եվրոպական կառույցները գոհունակությամբ նշում են, որ բարեփոխումների փաթեթը մշակվել է՝ անցնելով տարբեր շահագրգիռ կողմների հետ տևական քննարկումների փուլ: Իհարկե, կան նաև առաջարկություններ և դիտարկումներ, օրինակ, կառույցից շեշտում են՝ անհրաժեշտ է խուսափել ցանկացած օրենսդրական փոփոխությունից, որն իրականացվում է ընտրություններին այսքան մոտ, քանի որ այն կարող է տանել դեպի անորոշություն։
Խոսքն Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգը հանելուն է վերաբերում: Ապրիլի մեկին խորհրդարանի ընդունած փոփոխությամբ ընտրությունները տեղի են ունենալու պարզ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ քաղաքացին ընտրելու է միայն կուսակցությանը: Սա այն փոփոխությունն է, որը հանրապետության նախագահը չստորագրեց ՝ պատճառաբանելով, թե այն չի անցել հանրային լայն քննարկումների փուլ, ընդունվել է միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:
Նախագահն ուներ 21 օր այն ստորագրելու համար, այդ ժամկետը լրացել է, և այսօրվանից սկսած՝ 5 օրվա ընթացքում, այն պետք է ստորագրի Ազգային ժողովի նախագահը: Առաջիկայում խորհրդարանը կքննարկի արդեն ամբողջական փաթեթը, մինչև այդ նախագծում որոշ շտկումներ կարվեն՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները:
Նախագծով առաջարկվում է փոխել կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմերը: Կուսակցությունների դեպքում 5-ի փոխարեն բավարար կլինի հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը: Դաշինքների դեպքում հակառակը՝ անցողիկ շեմը 7 տոկոսից դառնում է 8: Եվրոպական կառույցից, սակայն, առաջարկում են վերանայել շեմերը:
Հաջորդ դրույթը, որը նաև խիստ քննադատվեց ընդդիմության կողմից, վերաբերում է կոալիցիաներ կազմելուն: Գործող օրենքով՝ ընտրական շեմը հաղթահարած ուժն առավելագույնը 2 ուժի հետ կոալիցա կարող է կազմել 6 օրվա ընթացքում։ Առաջարկվող տարբերակը սահմանում է 14 օր, որպեսզի հարաբերական մեծամասնություն ստացած կուսակցությունը կոալիցիա կազմի անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերի հետ։ Այդ ժամկետի ավարտից հետո նոր միայն մեծամասնության հետ կոալիցիա չկազմած ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կարող են կոալիցիա կազմել միմյանց հետ։ Այս փոփոխությունը Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարում:
Եթե խորհրդարանը քննարկի և ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ապա առաջիկա ընտրությանը, ըստ Համազասպ Դանիելյանի, մի շաքր դրույթներ արդեն ուժի մեջ կմտնեն, իհարկե, հանրապետության նախագահի ստորագրելու դեպքում: