Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում ուսուցչի 189 թափուր տեղ կա: kadrer.emis.am կայքում կարելի է ընտրել մարզը, առարկան և տեսնել՝ թափուր հաստիքը համալրելու համար ի՛նչ պայմաններ են առաջարկվում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ընթացակարգերը և տեղեկատվության հասանելիությունը էապես բարելավվել են, և մենք հույս ունենք, որ սա հնարավորություն տա, որպեսզի մարդիկ ավելի արագ կողմնորոշվեն, տեղեկանան և դիմեն: Կարծում եմ՝ սա հատկապես լավ հնարավորություն է նոր ավարտող մեր ուսուցիչների, մանկավարժի որակավորում ունեցող անձանց համար, որոնք ունեն նաև աշխատանքային փորձ կուտակելու խնդիր:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ
Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել մասնագետների գործուղման նոր կարգը. պայմանները նախկինի համեմատ էապես բարելավվել են։
Գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Կհատկացվի 8-50 հազար դրամ՝ գույքի տեղափոխման գումար, բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10-33 հազար դրամի չափով, տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, կոմունալ ծախսերի գումար` ամսական 10200 դրամ:
Հատկացումները տրամադրվում են եռամսյակային կտրվածքով։ Ընթացակարգային հստակեցումներ էլ են արվել:
Ժաննա Անդրեասյան - Նախկինում գործարկված կարգով մենք ունեինք 200-ից ավելի ուսուցիչներ, որոնք գործուղված էին, բայց փաստացի այդ գործուղումը տևում էր տարիներ, և այն, որ սա պետք է կիրառվեր իբրև ժամանակավոր միջոց մինչև հիմնական ուսուցիչ գտնելը ժամանակավորապես թափուր տեղը համալրելու և երեխաների համար այդ առարկայի դասավանդումը հնարավոր դարձնելու՝ փաստացի չէր գործում:
Գործուղման նոր կարգով մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել մեկ ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ:
Նախկին կարգով գործուղված մոտ 240 մանկավարժների պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև այս ուսումնական տարվա ավարտը։
Շիրակի մարզի Քեթի գյուղի անգլերենի միակ ուսուցիչը Աննա Օթարյանն է:
Աննա Օթարյան (անգլերենի ուսուցչուհի) - Երթևեկում եմ Գյումրի քաղաքից և պետք է ասեմ, որ հիմա այնքան լավ է, որ կա պետական աջակցություն, և ուսուցիչն էլ ստիպված չէ մտածելու, թե ինչպես պետք է երթևեկեմ, կարող ես լիովին տրվել մատաղ սերնդի կրթության աշխատանքին:
Օթարյանն ընդգծում է՝ ուսուցիչ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում: Կան թափուր աշխատատեղեր հատկապես գյուղերում ու սերունդներ կրթելու համար չպետք է երկմտել, հոգ չէ՝ մարզկենտրոնից, քաղաքից գալ ու ժամանակ տրամադրել այդ առաքելությանը:
Աննա Օթարյան - Գյուղական դպրոցն ունի իր համն ու հոտը, ոնց որ համեմված լինի մի այլ տեսակի ձևով: Դրա համար պետք չէ խուսափել, պետք է նվիրվել այս աշխատանքին և սիրել աշխատանքը: Երիտասարդները պետք է դառնան դեմքով դեպի դպրոցը:
Սվետլանա Մինասյանն էլ հենց այս դպրոցի շրջանավարտներից է եղել, ամուսնացել ու տեղափոխվել է Գյումրի: Հիմա հարազատ Քեթիի հասարակագիտության միակ ուսուցչուհին է: Ասում է՝ չպետք է վարանել ու գյուղական համայնքներում գնալ դասավանդելու, հատկապես երբ կա նաև պետության աջակցությունը:
Սվետլանա Մինասյան (հասարակագիտության ուսուցչուհի) - Երկրաշարժից հետո սարսափելի օրեր ենք մենք ունեցել՝ երթևեկության հետ կապված: Ոտքով 10 կմ գալիս էինք, առավոտյան ժամը 10.00-ին գալիս էինք այստեղ, դասերը պարապում էինք և հետո ոտքով նորից հասնում էինք քաղաք, ամեն օր՝ 2 տարի:
Նախարարությունից հայտնում են՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը մարզերում անընդհատ թարմացվում են: