Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առաջարկում է Պետգույքի կոմիտեին ու համայնքապետարաններին հրապարակել իրենց կողմից վարձակալությամբ ու անհատույց օգտագործմամբ հանձնված գույքերի միասնական գրանցամատյանները։ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական ու համայնքային գույքի վարձակալության մի շարք պայմանագրեր և ուսումնասիրություն հրապարակել։
ՏՄՊՊՀ-ն մեղադրում է ցածր գնով տարածքներ վարձակալության տրամադրելու մեջ
ՏՄՊՊՀ-ն արձանագրել է տասնյակ դեպքեր, երբ համայնքների կողմից մի շարք տարածքներ անհատույց օգտագործման կամ վարձակալության են տրամադրվել չափազանց ցածր գներով թե՛ Երևանում, թե՛ մարզերում, թե՛ այնպիսի հանգստյան գոտիներում, որտեղ վարձակալությունը պետք է բարձր գնով կատարվեր։
Հանձնաժողովը, օրինակ՝ հայտնաբերել է, որ 1.55 հեկտար մակերեսով հանգստյան գոտի է վարձակալությամբ տրվել 2003-ին՝ 25 տարի ժամկետով, տարեկան 247 հազար դրամով, մեկ այլ դեպքում լողափը վարձակալվել է 2007-2032 թվականը՝ տարեկան 196 հազար դրամով։ Տարածքները տրամադրվել են վարձակալությամբ, առանց մրցույթների։
ՏՄՊՊՀ-ն Երևանում ևս կասկածելի վարձակալությունների դեպքեր է արձանագրել. ըստ դրանց՝ առևտրային ընկերություններից մեկը Երևանի կենտրոնում տարածք է վարձակալել ամսական 90.000 դրամով, մեկ այլ տնտեսվարող՝ 288.000 դրամով, իսկ երրորդը՝ 643 հազար դրամով։ Երեք ընկերությունների հետ պայմանագրերն էլ կնքվել են 2007-ից մինչ 2056 թվականը։ Բոլոր տնտեսվարողների հետ պայմանագիրը կնքվել է նույն օրը, և կարելի է ենթադրել, որ միևնույն ընկերությունը երեք տարբեր տարածքներ է վարձակալել քաղաքապետարանից։
«Բազմաթիվ են նաև Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում կրպակների համար տարածքների տրամադրման վարձակալության պայմանագրերը, որոնք տրվել են ոչ մրցութային կարգով և ցածր վարձավճարով։ Օրինակ՝ Ավան և մի շարք այլ վարչական շրջաններում կան 41-5169 դրամ տարեկան վարձավճարի դիմաց տրամադրված տարածքներ՝ կրպակների տեղադրման նպատակով»,- հայտնաբերել են ՏՄՊՊՀ-ում։
Ցածր գնով վարձակալության տարածքներ տրամադրելու դեպքերը Հանձնաժողովը համարել է մրցակցության համար ռիսկային, քանի որ այդ գույքերի շուկայական արժեքը փոխվել է ու կարող են լինել մրցակից ընկերություններ, որոնք կարող են շուկա մուտք գործել ավելի լավ պայմաններով։
ՏՄՊՊՀ-ն ցածր գներ է նկատել նաև սրճարանային գործունեության իրականացման ժամանակ Երևանի քաղաքապետարանի կողմից չափազանց ցածր գնով տարածքներ հատկացնելու դեպքում։
Այսպես, ոչ մրցութային տրամադրման եղանակով տարբեր անհատ ձեռնարկատերերի ու ՍՊԸ-ների տրամադրվել են տարածքներ, օրինակ՝ 2002-ին 25 տարով մի անհատ ձեռնարկատիրոջ ամսական 18.000 դրամով տարածք է տրամադրվել, 2004-ին դարձյալ 25 տարով 2784 դրամով է տարածք տրամադրվել, 2001-ից մինչ 2026-ը մեկ այլ տնտեսվարողի՝ 110.000 դրամով։ Վարձակալված տարածքների մակերեսի ու վարձակալի մասին տվյալներ ՏՄՊՊՀ-ն չի ներկայացրել։
Գույքերի վարձակալության միասնական գրանցամատյաններ պետությունը չունի
ՏՄՊՊՀ-ն առաջարկել է Պետական գույքի կառավարման կոմիտեին հրապարակել վարձակալությամբ ու անհատույց օգտագործմամբ հանձնված գույքի միասնական գրանցամատյանները, քանի որ ներկայում այս տեղեկությունը մատչելի չէ հանրությանը։
«Երևան քաղաքի 12 վարչական շրջանների գրանցամատյանները խիստ տարբերվում են իրարից, մի դեպքում դրանք պարունակում են մի շարք տեղեկություններ, որոնք մեկ այլ դեպքում առհասարակ բացակայում են։ Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված գրանցամատյանների ոչ միասնական ու ամբողջական լինելը, ինչպես նաև էական տվյալների բացակայությունը հնարավորություն չեն տալիս գնահատելու վարձակալության տրամադրման գործընթացի ամբողջական շղթան»,- ասվում է ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում, որտեղ անդրադարձ կա նաև Երևանից դուրս համայնքային կամ պետական սեփականության վարձակալության դեպքերին։
Ըստ հանձնաժողովի՝ չկա միասնական ընդհանրական բազա, չեն արտացոլվում ողջ ընթացակարգերն ու վարձակալական գործընթացը։
Ընտրովի ցածր վարձավճար վճարահաշվարկային տերմինալի համար
Պետական կամ համայնքային շենքերում վճարահաշվարկային տերմինալների տեղադրման հարցում հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել։ Մասնավորապես «նույն շենքի երկրորդ հարկում մեկ տնտեսվարող սուբյեկտին 34.3 քառակուսի մետր տարածքը վարձակալության է հանձնվել 34300 դրամով, 15-րդ հարկում մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի 16.9 քմ-ն տրամադրվել է 16900 դրամով (1 քառակուսի մետրը՝ 1000 դրամով), այնինչ նույն շենքի առաջին հարկում 11.5 քառակուսի մետրը վարձակալության է տրամադրվել 17250 դրամով՝ 1 քմ-ն 1500 դրամ), իսկ 12-րդ հարկում 54.6 քմ-ն տրամադրվել է 43700 դրամով, այսինքն՝ մեկ քառակուսի մետրը՝ 800 դրամով։ Հանձնաժողովի համար պարզ չէ, թե արդյո՞ք այս գների սահմանումն ունի օբյեկտիվ հիմնավորում։
Ի դեպ, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքում դրվել են ոչ մրցութային սկզբունքներ, մասնավորապես ՏՄՊՊՀ-ի կողից դիտարկված 7966 պայմանագրերից 6835-ը եղել է ոչ մրցութային ընթացակարգով։
Մկրտիչ Կարապետյան