Ապրիլի 23-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվեց հայ ականավոր գրող, բանաստեղծ, վիպասան և արվեստաբան Կոստան Զարյանի ձեռագրերի՝ Կանադայում գտնվող դիվանով: Նախապես Մատենադարանին էին հանձվել Կ. Զարյանին վերաբերող Հայաստանում և Իտալիայում պահվող նյութերը: Այսպիսով, ամբողջացավ այս արժեքավոր արխիվը, որի պահպանումը Մատենադարանին են վստահել Կոստան Զարյանի ժառանգները՝ Սիրվարդ, Անաիս, Արա և Վալտեր Զարյանները:
Հավաքածուի մաս են կազմում նաև Կոստան Զարյանի որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր և մեքենագիր նյութերը:
Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում գիտական մշակումն ավարտելուց հետո հավաքածուն հասանելի կլինի ուսումնասիրողների համար: Զուգահեռ իրականացվելու են նաև արխիվի թվայնացման աշխատանքները:
Մատենադարանում համոզված են, որ թեմայով զբաղվող գիտնականներն ուշագրավ նյութեր կգտնեն այս հարուստ դիվանում, որոնք էլ կհանրայնացվեն նոր հրատարակություններով: