«Մինչ խաղաղության պայմանագրի մասին խոսելը պետք է արձանագրել մի պարզ իրողություն. ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծված չէ»,- հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ և ի՞նչ պայմաններով:
Նա հիշեցրել է՝ այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով:
«2020 թվականի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի` Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը: Գոյություն ունեն տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց կոմպոնենտներ, որոնց վրա էլ պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց վերջին համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին լավ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»:
Ալիևը ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ իրողությունը, բայց նաև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովուրդների միջև: Օրինակ՝ երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակ», ցնորական հայտարարություններ է անում Զանգեզուրի վերաբերյալ, ոչնչացնում է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում կցուցաբերի, ռացիոնալ քայլեր կձեռնարկի և պատրաստ կլինի կառուցողական երկխոսություն վարել, այն ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է Արմեն Գրիգորյանը։