Բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը՝ մարդկությանը. ռուս գիտնականի թևավոր խոսքը շուրջ մեկ դար քննադատում էին հենց բժիշկները։ Հետո պարզվեց՝ մարդկանց կյանքը փրկելու համար պետք է համախմբվեն միասնական առողջության գաղափարի շուրջ։
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Հիմնական դերը անասնաբուժությանն է իրականում, որովհետև, ինչպես մենք գիտենք, մարդկանց համար վարակիչ բոլոր հիվանդությունների 70 տոկոսը կենդանիներից մարդուն անցնող հիվանդություններն են։
Հայաստանում անասնաբուժությունը նորից գրավիչ է դառնալու՝ համոզված են մասնագետները։ Խորհրդային տարիներին Հայաստանում արդիական համարվող մասնագիտությունը հիմա ծերացողների թվում է։
Կոլխոզ-սովխոզների մեթոդով անասնաբուծությունն ու անասնաբուժությունը չի կարող զարգանալ՝ ասում է Տիգրան Գաբրիելյանը։ Հիմա երկրում ավելի քան 500 անասնաբույժ կա, սակայն անհրաժեշտ է զարգացնել մասնավոր անասնաբուժությունը՝ վստահ է էկոնոմիկայի փոխնախարարը։
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Անասնագլխաքանակը կենտրոնացած էր խոշոր անասնապահական տնտեսություններում: Այդ ժամանակ անասնաբուծության մեթոդներն էին տարբեր, և այնտեղ աշխատող անասնաբույժների աշխատանքները՝ կենտրոնացված և համակարգված։
Հիմա արդեն ամբողջ աշխարհում գոյություն ունի մասնավոր անասնաբույժների ինստիտուտը, որոնք կանչերի միջոցով փոքր գլխաքանակներ են սպասարկում։
Մասնավոր անասնաբուժությունն առաջիկայում կլիցենզավորվի։ Ինչպես պետական ծրագրերով, այնպես էլ դրանցից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն համապատասխան հավաստագիր ունեցողները: