Հայաստանը շուտով կդառնա կապող օղակ Պարսից ծոցի և Սև ծովի միջև: Պարսից ծոց - Սև ծով միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնությունը պատրաստ է: Մոտ ժամանակում պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տարանցման և առևտրայնացման վարչության պետ Ամին Թարֆան իրանական Mehr գործակալության հետ հարցազրույցում նշել է երկուշաբթի Հայաստան կատարած այցի մասին: «Պարսից ծոց - Սև ծով տարանցիկ միջանցքը կստեղծվի անդամ երկրների տրանսպորտային կապերի զարգացման, ընդհանուր շահերի և մրցակցության պայմանների բարելավման համար»:
Նա ասել է, որ իրանական այս նախաձեռնությունը ներկայացվել է 2016 թվականին, որին հաջորդել են բանակցությունների չորս փուլերը Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, այս տարի՝ դարձյալ Թեհրանում: Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի ունեցավ Երևանում 2021 թ. ապրիլի 19-ին, որին մասնակցեցին պատվիրակություններ Իրանից, Հայաստանից, իսկ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչները՝ առցանց:
Իրանցի պաշտոնյան հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաշվի առնելով համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու մասնակից երկրների ցանկությունը, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու համար: Վերջնական տեքստը կողմերը կստորագրեն հաջորդ հանդիպմանը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»:
Այս միջանցքի շահագործումը, որը շահավետ է տնտեսական արդյունավետության և անվտանգության տեսանկյունից, կբարձրացնի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի տեմպը: «Այս գրավիչ պայմանների շնորհիվ կմեծանա Իրանի, Հարավային Կովկասի և ԱՊՀ երկրների տարանցիկ դերը տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերություններում»,- ասել է Թարֆան: