Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի տասնհինգ անդամները միաձայն քվեարկությամբ միացան կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությանը՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, այդ թվում՝ գերեվարված խաղաղ բնակիչներին։ Այս մասին հռչակագիրն ամերիկյան մեգապոլիսի քաղաքային իշխանությունն ընդունեց հեռավար նիստի ընթացքում։ Հռչակագրում արձանագրված է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը համաձայնել են վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին, ինչպես նաև զոհվածների մարմինները։ Դա նաև միջազգային օրենդրության և Ժնևի կոնվենցիայի պահանջն է, մինչդեռ հրադադարից ավելի քան հարյուր հիսուն օր հետո Ադրբեջանի կառավարությունը շարունակում է գերեվարված պահել մոտ 200 ռազմագերու և խաղաղ բնակչի՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ իր քայլն արդարացնելու համար։
Հռչակագրի հեղինակը Փոլ Կրեկորյանն է։ Նա գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել՝ իբրև արցախցիների վաղեմի բարեկամ։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դեռևս 2014 թվականին է ճանաչել Արցախի անկախ ու ինքնիշխան պետությունը, իսկ Շուշի քաղաքի հետ ստեղծել բարեկամ քաղաքի հարաբերություն։ Այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճշտի վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ասաց Փոլ Կրեկորյանը:
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Սեպտեմբերին Ադրբեջանի զինուժը, Թուրքիայի և ծայրահեղական զինյալների աջակցությամբ, հարձակվեց Արցախի անկախ Հանրապետության վրա, որի հետ այս քաղաքը երկար տարիներ բարեկամություն է անում։ Արցախցիների վրա հարձակվել էին կասետային ռումբերով, սպիտակ ֆոսֆորով, ԱԹՍ-ներով, և տեխնոլոգիական այլ զինատեսակներով, որոնք խլել են հազարավոր հայերի կյանք, ներառյալ՝ խաղաղ բնակչությանը։ Ավելին, նրանք նաև փախցրել են խաղաղ բնակիչների և գերեվարել նրանց իբրև ռազմագերիներ։
Փոլ Կրեկորյանը գործընկերներին տեղեկացրեց նաև Բաքվում Ալիևի բացած այսպես կոչված պուրակի մասին։ Դա այգի է, որտեղ կայցելեն ադրբեջանցի երեխաները, ու նրանց մեջ առավել կբորբոքվի հայերի նկատմամբ թշնամանքն ու ատելությունը՝ ասաց Կրեկորյանը:
Փոլ Կրեկորյան - Այսօր 1915-ի ցեղասպանությունն այլևս պատմություն չէ, եթե իհարկե երբևէ եղել է։ Աշխարհի համար շատ հստակ պետք է լինի, որ կարևոր է խուսափել 21-րդ դարի ցեղասպանությունից, և որ Ադրբեջանն ու Թուրքիան դա պլանավորում են նույնիսկ այս պահին, երբ մենք խոսում ենք։ Արցախի մեծ մասը գրավելուց հետո Ալիևն այժմ էլ սպառնում է Հայաստանին։ Մենք կարող ենք չկասկածել, որ, այսպես կոչված, նախագահը հնարավորության դեպքում կիրականացնի հայերին վերացնելու իր սպառնալիքը։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի մյուս անդամները նույնպես բարձրաձայնեցին հայ ռազմագերիներին ազատ արձակելու՝ Ադրբեջանին ուղղված պահանջն ու Հայաստանին ու Արցախին աջակցությունը:
Փոլ Քորեց (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Իբրև հայերի աջակից և իբրև Հոլոքոստի ականատեսի որդի՝ ես ձեր կողքին եմ։ Արցախի վրա ադրբեջանցիների բարբարոսական հարձակումը շարունակությունն էր նրա, ինչ թուրքերը սկսել էին 1915-ին։ Հայոց ցեղասպանության տարելիցը պետք է հիշեցում ծառայի մարդկության համար՝ կասեցնելու դրա կրկնությունն ապագայում։
Միթչ Օ՛Ֆարել (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Բաքվում նոր պուրակը հիշեցնում է նացիստական Գերմանիան։ Դա գարշելի է և վտանգավոր։ Կարծում եմ՝ նրանք կանգ չեն առնի Արցախով, որտեղ արյունահեղությունն ավարտվեց հայերի նախնիների հողերի գրավմամբ և բազմաթիվ մահերով։ Մենք պետք է այս ամենի մասին բարձրաձայնենք ու խոսենք միաձայն։
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, վկայակոչելով Human Rights Watch կազմակերպության և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի զեկույցները, հռչակագրում արձանագրում է, որ Ադրբեջանի զինուժը և Թուրքիայի ուղարկած իսլամիստ ահաբեկիչները պատերազմական հանցագործություններ և վայրագություններ են իրականացրել: «Մեծ և տեղին մտավախություն կա ներկայում գերության մեջ գտնվող ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի առումով: Ադրբեջանի կողմից գերիներին անհիմն պահելը լուրջ հարցեր է առաջացնում մարդու իրավունքների, միջազգային օրենսդրության արժեքներին և խաղաղ կարգավորման պայմանավորվածությանն այդ երկրի նվիրվածության մասին»,- նշված է փաստաթղթում։
Լոս Անջեսի քաղաքային խորհրդի 15 անդամները միաձայն քվեարկությամբ նաև կոչ են անում ՄՆ-ի նախագահի վարչակազմին՝ պաշտոնական բոլոր խողովակներով, այդ թվում՝ Մինսկի խմբի, Ադրբեջանի իշխանությանը հստակ դարձնել պարտավորությունների կատարման անխուսափելիությունն ու անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։