Երկրաշարժից 33 տարի անց Բաբայանները իրենց տան հիմքն են գցում: Վերջապես հնարավորություն ունեն 90-ականներին կառուցված ժամանակավոր կացարանները փոխարինելու քարե ամուր տներով:
Ռոբերտ Բաբայան (ծրագրի շահառու) - Փա՜ռք Աստծո, որ ոչ մի հարցում չենք տուժել, շինարարությունը նորմալ գնացել ա՝ և՛ տրանսպորտի, և՛ շինարարի, և՛ բանվորի, և՛ շինանյութի տեղափոխման հարցում:
Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ապրող, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած 152 ընտանիք մինչև այս տարվա նոյեմբեր տուն կունենա: Կառավարությունը դեռ 2020 թվականին մարզին հատկացրեց 1 մլրդ 868 մլն դրամ: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, շինաշխատանքները կավարտեն ժամանակին, «Լոռին առանց տնակների» գաղափարն էլ իրականություն կդառնա:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Վերջին 2 տարվա ընթացքում արվել է ավելի շատ, քան նախորդ տասնյակ տարիների ընթացքում: Հուսով եմ, որ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հարցը վերջնականապեես կլուծվի, և մենք իրականություն կդարձնենք «Լոռին առանց տնակների» կարգախոսը:
Ծրագիրը շահառուներին թույլ է տալիս անձամբ մասնակցել շինարարությանը և դրա դիմաց նաև վարձատրություն ստանալ: Հերթական շահառուներից մեկը հենց այս տարբերակով է տունը կառուցում, Դավիթը շինարար է, աշխատողներին էլ ինքն է ընտրել:
Ծրագիրն իրականացնելու համար Կառավարությունը գործակցում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Շինանյութի որակի և աշխատանքի տեմպի վերահսկողությունը իրականացնում են հենց նրանց մասնագետները՝ պարբերաբար այցելում են, հետևում շինարարության ընթացքին:
Կարեն Ավետիսյան («Ֆուլեր» տնաշինական կենտրոն» ԲՀԿ շինարարական աշխատանքի պատասխանատու) - Պարբերաբար շրջայցեր ենք կատարում, վերահսկում ենք աշխատանքները, նայում ենք թերությունները, որը կարողանում ենք՝ տեղում վերացնում ենք, որը չէ՝ բնակիչների կամ կոնկրետ մասնագետների հետ փորձում ենք էդ ամեն ինչը վերացնել:
Այս պահին 6 տան շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, 146-ինը ընթացքի մեջ են, շահագործման կհանձնվեն առաջիկայում: