ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ իր անվան շուրջ տարածվող լուրերին՝ շեշտելով, որ Լելե Թեփեի հետ ինքը կապ ունի այնքանով, որ 1996-1997 թթ. այդ տարածքում եղել է գումարտակի հրամանատար:
Օրերս «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը հայտարարել էր, թե Լելե Թեփե կոչվող բարձունքի տապալված օպերացիան իրականացնող գեներալն այսօր զբաղեցնում է ԱԻ նախարարի պաշտոնը և որ Ազգային հերոսի կոչման է արժանացել այդ օպերացիայի տապալումից հետո:
«Պատերազմի, իմ գործողությունների հետ կապված աշխատում եմ հարցազրույցներ չտալ: Բայց որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չառաջանա, կասեմ, որ Լելե Թեփեի հետ այնքանով կապ ունեմ, որ 1996-97 թթ. այդ տարածքում եղել եմ գումարտակի հրամանատար և այն եղել է իմ գումարտակի հրամանատարական դիտակետը: Խոսվում է նաև, որ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմում այդ բարձունքում լինելով հարավային ճակատի հրամանատարը՝ հազարավոր զոհեր եմ տվել: Հարավային ճակատի հրամանատարը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը եղել է ԶՈՒ գլխավո շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, որի վիրավորվելուց հետո, շտաբի պետի հրամանով ես եմ ստանձնել հրամանատարությունը հոկտեմբերի 21-ից: Անգամ, եթե ես լինեի Լելե Թեփե օպերացիայի մասնակից, ապա ոչ մի առումով կապ չպետք է ունենայի, քանի որ որպես զինվորական կատարել եմ ինձ տրված հրամանները: Կարծում եմ, որ վատ չեմ կատարել»,- նշեց Փիլոյանը: