«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վերջնական որոշում դեռ չունի՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ ընտրական ցուցակին անդրադառնալու են մայիսին, դեռևս վերջնական որոշում չկա թե՛ ցուցակի հերթականության և թե՛ հետագա պաշտոնների հետ կապված:
Մակունցը հայտնեց, որ առաջիկայում՝ մինչև ամսվա վերջ, կլինի վարչապետի հրաժարականը, կոնկրետ օր չկարողացավ նշել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ իշխանության եռամյա աշխատանքի ընթացքում, իհարկե, եղել են բացթողումներ, և ամեն ինչ չէ, որ հասցրել են անել:
Մակունցն ասաց, որ 2018-ից հետո Հայաստանի ամենամեծ նվաճումը ժողովրդավարական բարեփոխումներն են, որոնց ուղղությամբ հետևողականորեն գնում են երկիրը և ազատ քաղաքացին:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Մակունցը նշեց, որ համապատասխան գերատեսչությունների կողմից ամեն ինչ արվում է խնդիրը լուծելու համար: