Իսրայելի ոստիկանության բնորոշմամբ՝ քաոսային գիշեր է եղել երեք կրոնների քաղաքում՝ Երուսաղեմում: Ոստիկանները ստիպված են եղել երկու ճակատով պայքարել: Մի կողմից նրանք բախվել են պաղեստինցիների հետ, որոնք դժգոհ են տեղական ինքնակառավարման սահմանափակումներից մուսուլմանական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում: Մյուս կողմից՝ իրավապահները փորձել են կարգի հրավիրել հրեա ազգայնականներին, որոնք հակաարաբական երթ էին կազմակերպել: Քաոսային գիշերը 44 մարդ է ձերբակալվել, 20 իրավապահ վիրավորվել է, հայտնում է Associated Press գործակալությունը:
Բազմությանը բաժանելու և ցրելու համար ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Կարմիր խաչի տվյալներով ՝ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 105 պաղեստինցի:
Այս տարվա Ռամադանի սկզբից՝ ապրիլի 13-ից, ամեն օր բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև: Լարվածությունը սրվեց, երբ իրավապահ մարմինները բարիկադներ տեղադրեցին Հին քաղաքի տարածքում գտնվող Դամասկոսի դարպասի մոտ, որտեղ մահմեդականները երեկոյան ավանդաբար հավաքվում են Ռամադանի համար կեսօրվա ծոմը պահելուց հետո: