Աֆղանստանի իշխանությունները ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջել են լքել երկիրն առանց զենքի և տեխնիկայի: Այս մասին հաղորդում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Այդ զենքերը մեզ պետք են, և ուզում ենք, որ Միացյալ Նահանգները դրանք մեզ փոխանցի»,- ասել է գերատեսչության խոսնակը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատարությունը դեռ չի պատասխանել Աֆղանստանի իշխանություններին:
Միաժամանակ, հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Քաբուլն ու ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն արդեն ստեղծել են աշխատանքային խումբ աֆղանական զինուժին զենքն ու ռազմաբազաներ փոխանցելու համար:
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը տեղի կունենա մայիսի 1-ից սեպտեմբերի 11-ը: Նախագահը բացատրել է, որ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ռազմական ուժերը չեն կարողանում ո՛չ ստեղծել կայուն աֆղանական կառավարություն, ո՛չ էլ այն պահպանել: ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններն էլ են որոշել իրենց զորքերը դուրս բերել այդ երկրից: