Այսօր նշվում է անասնաբույժի միջազգային օրը: Օրը ողջ աշխարհում նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի Հայաստանում՝ ապրիլի 23-ին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն օրվա առիթով շնորհավորել է անասնաբույժներին.
«Լինելով ոչ անասնաբույժ և պատիվ ունենալով ղեկավարել անասնաբույժների ամենամեծ բանակը ՀՀ-ում` փորձում եմ և փորձելու եմ բարձրացնել անասնաբույժի դերը և բարելավել նրանց կենսակերպը:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների բանակը հետզհետե համալրվում է էլ ավելի արհեստավարժ, բանիմաց, փորձառու մասնագետներով: Սիրելի անասնաբույժներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որ ջանասիրաբար կատարել և կատարում եք՝ օգնելով կանխել հիվանդությունների, համաճարակների բռնկումը գյուղատնտեսական կենդանիների շրջանում: Հիմա, առավել քան երբևէ, պետք է զարկ տալ Հայաստանի տնտեսությանը, դրանում իր մեծ ու կարևոր նպաստը պետք է ունենա գյուղատնտեսության աճը: Առողջ գյուղկենդանի-առողջարար գյուղարտադրանք-առողջ հասարակություն շղթայում մեծապես կարևորում եմ նաև ձեր դերակատարությունը: Անասնաբույժի աշխատանքը միայն կենդանի բուժելը չէ, այն ավելի լայն և կարևոր աշխատանք է: Լավ անասնաբույժները «խոսում» են կենդանիների հետ, արհեստավարժ անասնաբույժները՝ նաև «լսում» են նրանց: Միասին կարող ենք հասնել տեսանելի և շոշափելի հաջողությունների»:
Տոնի կապակցությամբ, Գառնիկ Հովաննիսյանի գլխավորությամբ, ՊՈԱԿ-ի մասնագետները այցելելու են բոլոր մարզեր, լսելու են յուրաքանչյուր անասնաբույժի խնդիր և փորձելու են օպերատիվ կերպով լուծում տալ դրանց: