1994 թվականից Միացյալ Նահանգներում ապրիլքսանչորսյան նախագահական ելույթներն ամենամյա են: 26 տարվա ընթացքում Genocide անգլերեն եզրույթն այդպես էլ տեղ չգտավ ամերիկյան նախագահական տեքստերում, թեև իշխանությունները կիրառեցին այն բոլոր հոմանիշներն ու իմաստով մոտ բառերը, որոնք հնարավոր է գտնել բառարանում:
Բանը հասավ ընդհուպ մինչև «Մեծ Եղեռն» հայերեն եզրույթը Սպիտակ տան պաշտոնական էջին լատինատառ տրանսլիտով գրելուն։ Բայց ամերիկյան նախագահի մակարդակով հայերի ջարդերին անդրադառնալու պատմությունները շատ ավելի հին են՝ սկսվելով դեռևս աբդուլհամիդյան դարաշրջանից։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայկական ջարդերին անդրադարձել է իր գրքում՝ որակելով իբրև առաջին համաշխարհայինի մեծագույն ոճիր։ Ավելի պակաս հայտնի են Ռուզվելտի ավելի վաղ արած հայտարարությունները՝ օրինակ դեռևս 1904-ին Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ելույթում նա ասել էր՝ դաժանությունն ու ճնշումները, որոնց զոհ գնացին հայերը, նրանց արժանացրել է քաղաքակիրթ աշխարհի խորը կարեկցանքին:
Ռուզվելտը նաև հայտարարել էր, որ Ստամբուլի հետ հարաբերություններում Վաշինգտոնի խնդիրները ոչ այնքան կապված են ամերիկացիների հետ, որքան իր խոսքով՝ Հայաստանում Թուրքիայի վարած անօրինական քաղաքականության պատճառով են։ Նկատենք` սա ասվել է մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն անկախ չէր, սակայն լեռնաշխարհը նախագահ Ռուզվելտը բնութագրել էր որպես Հայաստան։
Ռուբեն Ադալյան (պատմաբան, Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն) - 20-րդ դարի սկզբի ամերիկյան նախագահներ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Քուլիջը, Հուվերը քաջատեղյակ էին Հայոց ցեղասպանության իրողությանը, քանի որ այն իրենց կյանքի ընթացքում էր տեղի ունեցել։ Քուլիջը Ցեղասպանության ժամանակ սենատոր էր, Հուվերը համակարգում էր մարդասիրական օգնությունը։ Ավելի ուշ և երկրորդ համաշխարհայինի տարիներին նախագահն էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը նույնպես շատ լավ գիտեր Ցեղասպանության մասին, քանի որ այդ տարիներին ամերիկյան ռազմածովային ուժերի փոխնախարարն էր։ Բայց դարի երկրորդ կեսից՝ հաջորդ սերնդից նախագահներ էին գալիս իշխանության։ Ու մոտ երեք տասնամյակ Սպիտակ տան ղեկավարներն առնչություն չունեին հայկական հարցի հետ։
1978 թ. Սպիտակ տանը նախագահ Ջիմի Քարտերն ընդունեց ամերիկահայերի պատվիարկությանը։ Նա ասել էր, որ մինչև հանդիպումն ուսումնասիրել էր հայերի պատմությունը։
Ջիմի Քարտեր 1978թ-ի մայիսի 16, Սպիտակ Տուն- Որպես աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը` դուք քաջաբար պայքարել եք Ձեր ինքնությունը պահելու համար։ Եվ թող աշխարհը գնահատի այն, ինչին հասել եք։ Ձեզ մոտ եմ համարում, որովհետև առաջին քրիստոնյաներն եք, կասկածում եմ, որ աշխարհում լինի որևէ այլ ազգ, որն այսքան տառապած լինի քրիստոնյա հավատքի համար։ Աշխարհում քիչ է հայտնի այն, ինչ եղավ 1916-ից առաջ։ Հայերին բնաջնջելու համակարգված արշավը նմանը չունի մեկ ազգին բաժին հասած ողբերգությունների շարքում։ Նյուրենբերգյան դատավարություն չեղավ, չեղան բարձաստիճան դեմքեր, որոնք ընդունեին, թե որքան եք տառապել դուք և Ձեր հարազատները։
Քարտերին հաջորդած նախագահ Ռեյգանը մինչև օրս ամերիկյան միակ նախագահն է, որը 1915-ին կատարվածը բնութագրել է որպես Ցեղասպանություն։
«40 տարի առաջ այս օրերին Սպիտակ տանն իրարանցում էր։ Նախագահի մամուլի խոսնակ Քենեթ Խաչիկյանը նախապատրաստել էր մի տեքստ, որում առաջարկվել էր, որ տեքստում ասվեր նաև Հայոց ցեղասպանության մասին:
Մեր օրերում Քենեթ Խաչիկյանը զբաղվում է լոբբիստական և խորհրդատվական աշխատանքով ու գործերով հաճախ գալիս է Վաշինգտոն։
Քենեթ Խաչիկյան (ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մամուլի և հանրային կապերի պատասխանատու) - Մինչև ավարտական տեսքին բերելը ես հարցրի ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդականի կարծիքը։ Դա ծովակալ Նենսն էր, որը նայեց ու ասաց, որ խնդիր չի տեսնում։ Հետո ցույց տվեցի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալենին։ Նա ասաց, Դուք գրել եք այն, ինչ եղել է, այդպես չէ՞: Ուրեմն խնդիր չկա:
Սպիտակ տան ղեկավարը ստորագրել էր փաստաթուղթը, որը պահպանվում է Ռոնալդ Ռեյգանի նախագահական արխիվում։ Այնտեղից բնօրինակի պատճեն տրամադրեցին Հանրային ալիքին։
Նուjն տարիներին Սպիտակ տանն էր աշխատում ևս մի հայ՝ Արամ Բախշյանը։ Ռեյգանը Կալիֆոռնիայում նահանգապետ էր եղել, և ընդհանրապես շատ մոտ էր մեծ թվով հայերի հետ, ինչը նպաստեց գործին։
Քենեթ Խաչիկյան - Նախագահ Ռեյգանը շատ երկարատև հարաբերություններ ուներ Ջորջ Դուքմեջյանի հետ։ Երբ Ռեյգանը նահանգապետ էր, Դուքմեջյանը սենատոր էր, հետո երբ Ռեյգանը դարձավ նախագահ, Դուքմեջյանն էր, որ իրեն փոխարինեց նահանգապետի պաշտոնում։ Նա հայերի պատմության ու մեր համայնքի մասին գիտեր նաև Դուքմեջյանի միջոցով։
40 տարի առաջ Սպիտակ տան ղեկավարն արեց մի քայլ, որն այդպես էլ չկարողացան կրկնել հաջորդող նախագահները։
Քենեթ Խաչիկյան - Այն ժամանակ դիվանագիտական ցնցումներ չեղան։ Կարծում եմ՝ գործող նախագահները կարող են օրինակ վերցնել։ Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի բերի աշխարհի վերջին:
Քենեթ Խաչիկյանն առաջարկում է խիզախության օրինակ վերցնել հաստատակամ Ռեյգանից։