ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցում նա սպառնացել է ուժով լուծել «զանգեզուրյան միջանցքի» ստեղծման հարցը, եթե հայկական կողմը հրաժարվի դա անել ինքնակամ:
«Ալիևի ներկայիս հռետորաբանությունն ընդամենն ապացուցում է հայկական կողմի այն պնդումների իրավացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանը սեփական ուժերով և դաշնակցային ներուժով ունակ է պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի ցանկացած հայտարարություն արմատապես խեղաթյուրում է կրակի դադարեցման մասին ստորագրված հայտնի հայտարարությունը»,- հայտարարել է Արմեն Գրիգորյանը՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ անգամ գրեթե 70-ամյա լռության պայմաններում Արցախի հայերը ոչ մի ակնթարթ չեն մոռացել իրենց իրավունքների մասին։
«1988 թ․ նրանք պահանջատեր դարձան իրենց իրավունքներին և նվաճեցին ազատությունը։ Այսպիսով, տարածաշրջանի կայունությունը և զարգացումը պայմանավորված են նրանով, թե որքանո՛վ է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը»,- ասել է նա: