Մանկապարտեզներում և դպրոցներում ազդարարման, պատսպարման և տարհանման պարապմունքներ են իրականացվում: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ պատերազմն ու վերջին շրջանի երկրաշարժերը մի շարք խնդիրներ վերհանեցին. այժմ ամենօրյա և նաև նման աշխատանքով են փորձում ավելի պատրաստված մոտենալ մարտահրավերներին:
Տանիքին ծուխ է, օպերայի բակը՝ մարդաշատ: Րոպեներ անց լսվում է շչակների ձայնը, հրշեջ-փրկարարները տարածքում են: Օպերայի և բալետի թատրոնի բեմն այսօր ԱԻՆ-ի ուսումնական վարժանքի էպիկենտրոնն էր:
Տասը մարտական հաշվարկ, որոնց թվում՝ հրշեջներն ու փրկարարներ, ԱԻՆ-ի բժշկական ու հոգեբանական ծառայության աշխատակիցներ: Ըստ ուսումնական վարժանքի պլանի՝ շենքում 3-րդ աստիճանի հրդեհ է՝ այրվում են բեմը և դեկորացիաները: Հրդեհի մարմանը զուգահեռ փրկարարները 4 տուժածի են տարհանում:
Արմեն Գասպարյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն) - Հաշվի առնելով վայրը, որը որ ընտրած է, ինքը հրդեհաշիջման աշխատանքների համար բարդ կառույց է համարվում, իսկ հիմնական վտանգը, որը սպասելի է նմանատիպ կառույցներում, հրդեհն է, դրա համար էլ մենք այս ուսումնավարժանքները կազմակերպել ենք:
Վարժանքներ ԱԻՆ-ում հաճախ են լինում՝ բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը, հղկում այլ կառույցների հետ ներդաշնակ աշխատելու կարողությունը: Նման վարժանքների արդյունքում է հնարավոր միայն իրական արտակարգ իրավիճակների ժամանակ ապահովել արագությունը, անվրեպ աշխատանքն ու դրական արդյունքը՝ փրկված կյանքեր: Վարժանքին հետևում էին նաև ԱԻ նախարարն ու նրա տեղակալը: Կառույցի ղեկավարը արդյունքից գոհ է: Այս անգամ ազդարարման նոր համակարգ են կիրառել:
Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Նորարարական էր այսօրվա ԱԹՍ-ով տուժածներին ազդարարելը, իհարկե ձայնը քիչ ցածր էր, և բոլորը չէին լսում: Մենք հետագայում կմշակենք, միգուցե ավելի մեծ ԱԹՍ-ով դա կիրառենք կամ շառավիղն ավելի մեծ վերցնենք: Տարհանման աշխատանքների հետ կապված, կարծում եմ, որ հետագայում կարողանալու ենք այլ մեթոդներ կիրառել:
Հրդեհաշիջումը կառույցի գործառույթներից ընդամենը մեկն է: 44-օրյա պատերազմն ու վերջին մի քանի երկրաշարժերը ցույց տվեցին, որ պատսպարման հետ կապված ևս բացեր կան: Գլխավոր խնդիրը, ըստ նախարար Փիլոյանի՝ սեփականաշնորհված նկուղներն են:
Անդրանիկ Փիլոյան - Մարդիկ արդեն որպես սեփականատերեր փակել են, և շատ դեպքերում մենք չենք կարողանում դա օգտագործել: Իհարկե, պարապմունքների ժամանակ մենք ՏԻՄ-երի հետ կարողանում ենք գտնել տերերին, բացել նկուղը և բերել աշխատանքային տեսքի: Սակայն, եթե իրականում լինի որոշակի անհրաժեշտություն, ապա մենք կունենանք որոշակի խնդիրներ:
Հիմա ԱԻՆ-ը Քաղաքաշինության կոմիտերի հետ համաձայնության է եկել՝ նոր կառուցվող շենքերը պետք է պարտադիր նկուղային հարկեր ունենան, դրանք պետք է բնակիչների կարիքներին չծառայեն, միայն որպես ապաստարան լինեն: Իսկ քաղաքացիների տարհանման ու պատսպարման վարժանքները հանրապետության տարածքում, կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով են՝ վստահեցնում է նախարարը: Փորձերն այնքան կշարունակվեն, քանի դեռ արդյունավետությունը չի հասել առավելագույնի: