Վաղվանից տրակտորները դաշտեր կմտնեն: Վարուցանքի հարցում գյուղացու գործը կհեշտացնեն: Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակում 8 մարզի մոտ 110 համայնքում հիմնել է «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Մարզերում կենդանիների կերային բազան ապահովելու համար կոոպերատիվները պարբերաբար համալրվում են տեխնիկայով:
Արման Կոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Ծրագրի շրջանակում 18 համայնքի 8 մարզում հանձնում ենք 17 տրակտոր և բեռնատար մեքենա: Տրակտորները լրացնող մաս են կազմում ծրագրի գործունեությանը, բոլոր մարզերում ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրերը միտված են օգտագործելի դարձնել արոտավայրերը:
Ծրագիրն իրականացում է Էկոնոմիակայի նախարարությունը՝ համաշխարհային բանկի աջակցությամբ: Գյուղտեխնիկան էլ ձեռք է բերվել 80 տոկոս Կառավարության ու 20 տոկոս կոոպերատիվ համամասնությամբ։ Ծրագրի շրջանակում դեռևս երկու մրցույթ է իրականացվել:
Դավիթ Մեջլումյան, Համայնքների, գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ ծրագրի ղեկավար - Երկրորդ մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 79 գյուղատնտեսական սարքավորումներ, կկցվեն այս տրակտորներին:
Երկրորդ մրցույթի սարքավորումները գյուղացուն կհասնեն մինչև մայիսի վերջ։ Տրամադրված գյուղտեխնիկան ոչ միայն կնպաստի հողերի մշակմանն ու արոտավայրերի ընդլայնմանը, այլև գյուղացուն հնարավորություն կտա մարզերում զարգացնել անասնապահությունը:
Մխիթար Կարապետյան, Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի վարչական ղեկավար - Մարդիկ խոտը չէին կարողանում հնձել, տեխնիկայով արագ կհնձեն շուտ, անասնագլխաքանակը կավելանա:
Ճամբարակ խոշորացված համայնքի միայն Այգուտ գյուղում այս տարի 30 հա աշնանացան են մշակում: Մտադիր են ոչ միայն ցանքատարածությունն ավելացնել, այլև մշակաբույսերը: 2015 թվականից մինչև 2020-ը կոոպերատիվներին տրամադրվել է մոտ 2,8 մլրդ դրամի 757 մեքենա՝ 158 տրակտոր, 8 ՈՒԱԶ:
Ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն իսկ տրամադրված տրակտորները տարեկան 20.000 հա մշակման պոտենցիալ են ստեղծել: