2021 թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն քաղաքի 40-ամյա բնակիչը 59-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին` պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:
Կարճ ժամանակ անց 40-ամյա տղամարդը իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: 40-ամյա տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ անկանոն կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից ու նույն ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր ծնոտին` ինքն իրեն պատճառելով «ստորին ծնոտի հրազենային վիրավորում» մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: