Ստեփանակերտի Հայկավան թաղամասի տներից մեկի վրա կրակոցն արձանագրվել է ապրիլի 20-ին: Այստեղից Շուշին հեռու չէ: Այդ պահին Խաչատուր Մունչյանը երեխաների հետ տանն էր: Նոր էին դպրոցից եկել: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Խաչատուր Մունչյան (Ստեփանակերտի բնակիչ) - Մեծը բաղնիքում էր, փոքրն էլ մոտս էր՝ ուզում էի հեռուստացույցը միացնել, որ նայի երեխան: Դուրսն էլ ուժեղ քամի էր այդ ժամանակ: Ուժեղ հարվածի ձայն լսվեց տան ներսից: Մտածեցի՝ ինչ-որ բան է ընկել, նայեցի, ու աչքս ընկավ առաստաղի ծակված հատվածին:
Առաստաղի վնասված հատվածն ու գնդակը տեսնելուց հետո Խաչատուրը զանգել է Արցախի ոստիկանություն: Ենթադրում է, որ ադրբեջանցիները կրակել են Շուշիից: Դեպքի մանրամասները պարզելու համար իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ:
Հունան Թադևոսյան (Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ) - Կրակել են 7.62 տարամաչափի զինատեսակից: Դա կարող է լինել գնդացիր կամ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ: Վաղը ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի դեպքի բոլոր մանրամասների կապակցությամբ:
Հակառակորդի կողմից բնակավայրերի ուղղությամբ կրակելը խստորեն դատապարտել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը և նշել, որ սադրիչ ու ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորել Արցախի քաղաքացիների շրջանում՝ տորպեդահարելով ՌԴ խաղաղապահ առաքելությունը:
Պաշտպանության բանակն էլ կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: