Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիային մոսկովյան հանդիպման ժամանակ, ինչպես նաև քննարկել է համագործակցության հետագա քայլերը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, որին մասնակցում էին համաճարակի և պատերազմի ընթացքում Հայաստանին մեծ օգնություն ցուցաբերած ռուսաստանահայ բժիշկներ: Հանդիպմանը Մեծ Բրիտանիայից հեռակապով մասնակցում էր նաև ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը և Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Բժիշկները Զարեհ Սինանյանի հետ քննարկել են ռուսաստանաբնակ հայ բարձրակարգ բժիշկների կողմից տեղացի բժիշկների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Բժիշկները պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը: Ապրիլի 22-ին Հայաստան կհասնի նաև հայ մասնագետների հերթական խումբը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: