ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող:
Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների, և՛ աղջիկների պայքարում առաջին տեղն զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի (ՖԻՄԱ) ներկայացուցիչները՝ Աննա Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:
Հաջորդիվ կայանալու է բադմինթոնի մրցաշարը, գարնանային փուլում կանցկացվեն նաև 3x3 բասկետբոլի, դրանգոնբոութի և լողափնյա վոլեյբոլի առաջնություններ։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի գլխավոր նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցառումներով փոխարինելն է: Այս տարի մասնակիցների ոչ մեծ թիվը ֆեդերացիայի նախագահը բացատրում է միջոցառումների կրճատմամբ, ինչը ևս համավարակի հետևանքներից է:
«Մենք հետևողական աշխատանք ենք կատարում ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու և ուսանողական սպորտը զարգացնելու ուղղությամբ: Գարնանային փուլին կմասնակցի շուրջ 500 ուսանող, սակայն, կարծում եմ, աշնանային փուլի մրցումների մասնակիցները 1000-ից ավելի կլինեն»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը և տեղեկացրել, որ աշնանային փուլը մեկնարկելու է Համալսարանական սպորտի միջազգային օրը՝ սեպտեմբերի 20-ին՝ սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման միջոցառումներով:
Բացի դրանից՝ ձմռանն Աշոցքում կանցկացվի ուսանողների համար ձմեռային մարզաձևերի առաջին փառատոնը: Ինչ վերաբերում է ուսանողական միջազգային մրցումներին, ապա այս տարի նախատեսված Եվրոպական համալսարանական խաղերը և 31-րդ ամառային ունիվերսիադան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ ձմեռային ունիվերսիադան 2021 թվականի հունվարից հետաձգվել է դեկտեմբեր: