ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամ կոչ է արել նախագահ Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ի հայտարարության մեջ պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականները վստահ են՝ Բայդենը դեռևս սենատոր եղած ժամանակ, ապա արդեն որպես ԱՄՆ փոխնախագահ քաջատեղյակ էր այս հարցին: Նրանք հիշեցրել են, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որպես ԱՄՆ փոխնախագահ՝ Բայդենը Վաշինգտոնի Մայր տաճարում ներկա է եղել զոհերի հիշատակի արարողությանը: Օրենսդիրների այդ կանխատեսմանը համամիտ է նաև ամերիկյան մամուլը՝ կրկին 2015-ին ու 2020-ին Բայդենի խոստումները մեջբերելով:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ, 24.04.2020) - Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու մեր ազգին մեծ նպաստ բերած ամերիկահայ համայնքին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին: Եթե ընտրվեմ, խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և մարդու իրավունքները դարձնել իմ վարչակարգի առաջնահերթությունը:
Անցած տարվա նախընտրական այս գրառումից հետո համաշխարհային մամուլը գրել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս եզրակացությանը վերջին երկու օրվա ընթացքում հանգել են The New York Times-ը, «Գարդիանը», «Ռոյթերզը», CNN-ը, «Ալ Ջազիրան», «Վոլ սթրիթ ջըրնըլը»:
The New York Times - Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին:
Ամերիկյան CNN-ն էլ անանուն երկու աղբյուր ունի, որ նույն կարծիքն են հայտնել: Լրատվամիջոցը հայտնել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել: Խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմն այս մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը նույնպես հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը: Ռոյթերզի աղբյուրն էլ շատ հավանական է համարել, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ կմնա նախընտրական խոստմանը:
Reuters - Ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենը, ամենայն հավանականությամբ, օգտագործելու է «Ցեղասպանություն» եզրույթը:
Արաբական Al-Jazeera-ն ընդգծել է, որ Բայդենի կողմից գլխավորապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը կարող է ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ կարծիքին է նաև «Ասոշիեյթիդ պրեսը»՝ մտավախությամբ, որ ԱՄՆ իշխանությունն այդ մասին դեռ չի տեղեկացրել Թուրքիային, և Բայդենը կարող է մտադրությունը փոխել: