Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել: Կարող ենք արձանագրել, որ 2020-ի մարտին աշխատատեղերի, եկամուտ, աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել:
Թիվն անցած տարվա մարտի համեմատ աճել է 2500-ով, 2019-ի համեմատ՝ 38 հազարով: ՊԵԿ ղեկավարը մանրամասնեց, որ հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ: Ցուցանիշը 2020-ի համեմատ ավելի է 7.5, 2019-ի համեմատ՝ 24 մլրդ դրամով:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ) - Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 հազար 500 դրամ, որը 2020-ի համեմատ ավելի է շուրջ 12 հազար դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 28 հազարով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը՝ և՛ 2020-ի, և՛ 2019-ի համեմատ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ և 1.3 մլրդ դրամի չափով:
Վարչապետը հետաքրքրվեց՝ նոր բացված, թե ստվերից դուրս եկող աշխատատեղեր են, անդրադարձավ նաև թվերի հավաստիության խնդրին:
Էդվարդ Հովհաննիսյան - Թվերի հավաստիության առումով կասկածելն անմտություն է: Որոշակի վերլուծություն արել ենք, այդ զանգվածի մեջ կա ստվերից դուրս եկած հատված, բնականաբար: Բայց նաև ապրիլին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության և գործարքների քանակով ունի 20-22 տոկոս աճ»:
Նիկոլ Փաշինյան - Առևտրաշրջանառության առումով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա որոշակի: Դա էլ է վերլուծության նյութ, թե ինչքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք:
Գնաճի գործոնն, ըստ ՊԵԿ ղեկավարի, կա: Ապրիլի ցուցանիշը հրապարակվելուց հետո վերլուծություն կիրականացվի: Ապրիլի առաջին 15 օրում ՀԴՄ կտրոնների թիվն ավելացել է մոտ 4 միլիոնով:
Նիկոլ Փաշինյան - Աշխատատեղերի հետ կապված՝ ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 հազար է: Առաջին անգամ գրանցված աշխատատեղերի՝ 600 հազարի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ երբեք Հայաստանում գրանցված 600 հազար աշխատատեղ չի եղել: 2021-ի մարտին 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Վստահ եմ՝ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ 5-րդ, 18-րդ ու 21-րդ միջոցառումներով մենք, այնուամենայնիվ, մի ֆոն ենք ապահովել, որը հնարավորություն է տվել 2021 թվականի մարտի այս տվյալները ստանալ:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Եթե այս տեմպերով գնանք, ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ՝ պատմության մեջ: Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է:
Գործադիրը հավանություն տվեց 2020-ի բյուջեի կատարման փաստաթղթին: Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019-ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը կարողացավ դիմակայել համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքներին։
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոս: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 60 տոկոսի: Սա այն շեմն է, որն աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի:
Վարչապետն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Կառավարությանը փոխանցած գումարի շահարկումներին: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ծախսերի համար հատկացվել է մոտ 120 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն է հատկացրել հիմնադրամը:
Նիկոլ Փաշինյան - Մարտի 15-ին տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ես ներկայացրել եմ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել:
Հիմնադրամը 28 տարում հանգանակել է 247 մլն դոլար, 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 212 մլն դոլար: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 3 տարում հիմնադրամի միջոցով Արցախում կիրականացվի 110 մլրդ դրամի ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր:
Նիկոլ Փաշինյան - 3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է համահայկական հիմնադրամի ստեղծման օրից՝ 29 տարվա ընթացքում:
Հայաստանն ու Արցախը կստորագրեն ֆիանսական համաձայնագիր: 10 տարի տարեկան 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախին՝ պատերազմի հետևանքները վերացնելու համար: Կփոխհատուցվեն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, որոնք կորցրել են հասարակական ու արտադրական շենքեր, մեքենա, տեխնիկա, գյուղացիական տնտեսություն:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Նախատեսվում է պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իսկ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների՝ մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում:
Մասնակի կամ լրիվ կփոխհատուցվի նաև քաղաքացիների հիփոթեքի, սպառողական, բիզնես վարկային պարտավորությունները։
Պահուստային ֆոնդից ավելի քան 4 մլրդ դրամ կտրամադրվի արցախցիների կոմունալ վճարների սուբսիդավորման նպատակով, աշխատանքի խրախուսման ծրագրի համար:
Մեսրոպ Առաքելյան - Այս ծրագիրն արդեն մի փոքր արդյունք տվել է՝ մարտ ամսին փետրվարի համեմատ Արցախում մոտ 600 աշխատատեղ է ստեղծվել: Հետպատերազմական վիճակում, կարծում եմ, բավականին մեծ ձեռքբերում է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունը կազմում է 74 միլիարդ դրամ։ Ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման համար կառավարությունն արտակարգ իրավիճակների նախարարությանը 100 միլիոն դրամ հատկացրեց: