Գործադիրն այսօր հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու համաձայնագրի պայմաններին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարում լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամի հատկացում Արցախի Հանրապետությանը՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար:
«Մասնավորապես՝ Արցախի կառավարության կողմից ընդունված 2 ծրագրի շրջանակներում նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ բացառությամբ բնակելի անշարժ գույքի, որի մասով առանձին որոշում արդեն կայացվել է: Նախատեսվում է վնասի փոխհատուցում հատկացնել այն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու և խաղողայգիներ»,- նշեց նախարարը:
Մինչև 5 միլիոն դրամ աջակցությունը տրամադրվելու է միանվագ ֆինանսական տեսքով, 5 միլիոնից ավելը՝ մուրհակի տեսքով, ինչը հնարավորություն կտա Արցախում գործարար ծրագրեր իրականացնել:
«Տարբեր շահառուների խմբով աջակցության չափը հնարավոր է՝ հասնի յուրաքանչյուր վնասի փոխհատուցման պարագայով մինչև 100 միլիոն դրամի, մասնավորապես՝ ոչ բնակելի շենք-շինությունների կորստի պարագայում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ սրանով նախատեսվում է նաև Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մինչև 50 տոկոսի փոխհատուցում: