Լոռու մարզի 149 ուսումնական հաստատությունից այս պահին 7-ը փակ է: Դրանցից է Վանաձորի 4-րդ հիմնական դպրոցը, որը ստիպված է ուսուցումը կազմակերպել հեռավար տարբերակով: Արդեն մեկ շաբաթ է՝ դպրոցը փակել է դռները. պատճառը քովիդն է:
Համլետ Խումարյան (Վանաձորի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Այլևս անհնար էր առկա ձևով դասապրոցեսը կազմակերպել: Օրինակ՝ ռուսաց լեզու առարկայի 7 մասնագետից 5-ը քովիդ-19-ի պատճառով բացակայում էր դպրոցից:
Տնօրենն ասում է՝ սկզբում իրավիճակը կառավարելի էր, հետո օր օրի ավելացող, 90-ի հասնող բացակայությունները, ուսուցիչների ու աշակերտների շրջանում հիվանդության տարածումը ստիպեցին անցնել հեռավար ուսուցման: 1128 աշակերտ և 91 ուսուցիչ ունեցող դպրոցում հիվանդ է մոտ 120-ը:
Համլետ Խումարյան - Արդեն տոկոսը հասել էր 10-ի, հետո միտումը, դինամիկ աճը նկատվում էր, որ կարող է ավելի բարդություններ առաջանան հետագայում, 2-3 օր էլ եթե չանեինք, ինձ թվում է՝ ավելի լուրջ խնդիրների առջև էինք կանգնելու:
4-րդ դպրոցում վարակվածների վիճակը թեթև է, իսկ ահա Լոռու մարզի մեկ այլ՝ Մեծ Պարնի համայնքում ստիպված են եղել լրացուցիչ 1 շաբաթ էլ խնդրել դասապրոցեսը հեռավար շարունակելու համար, Դսեղում էլ վիճակը ծանր է:
Արփինե Մատինյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Ավելի շատ տարածվածությունը մարզի գյուղական համայնքներում է: Ենթադրում եմ, որ քանի որ առաջին ալիքի ժամանակ գյուղական համայնքներում այդքան էլ հիվանդացածների թիվը մեծ չէր, հիմա ավելի է մեծ է:
Մարզպետարանի առողջապահության վարչությունից ահազանգում են՝ դպրոցներում կատարված թեստերի զգալի մասը դրական է, մարդկանց մի հատվածն էլ ախտանշաններ ունի, պարզապես չի թեստավորվում:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան