Մենապայքարային ձևերը աշխարհում շատ են, ու դրանք գրեթե բոլորը տարածված են Հայաստանում։ Գրեփլինգը այդ շարքին պատկանող մարտաձևերից է, որը ձևով նման է ըմբշամարտին, սակայն այստեղ թույլատրված են մրցակցի նկատմամբ գործածել նաև խեղդող, ցավեցնող հնարքներ։
Գրեփլինգը տարածում սկսեց ստանալ 90-ականներին: Այն մտնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ: Հայաստանում գրեփլինգի ֆեդերացիան բացվել է այս տարի։ Կառույցն արդեն իր առաջին քայլերն է կատարել՝ կազմակերպելով նաև Հայաստանի առաջին առաջնությունը։
Առաջնության կազմակերպումը մեկ նպատակ էր հետապնդում՝ կազմավորել լավագույն մարզիկներից հավաքական թիմ, որը կներկայացներ Հայաստանը գալիք միջազգային մրցաշարերում։ Դրանցից առաջինը նախատեսված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։
Գրեփլինգի Հայաստանի պատվորակությունը կազմված է 12 հոգուց, որոնցից 9-ը մարզիկներն են՝ 8 տղա և մեկ կին։
Նորաստեղծ ֆեդերացիան՝ նախագահ Սարգիս Բազինյանի գլխավորությամբ, փորձում է կարճ ժամանակահատվածում կառույցին տալ ճիշտ աշխատանքային վեկտորներ։ Մարզաձևի ներկայացուցիչները վստահ են, որ Հայաստանում, որտեղ այդքան մեծ տարածում ունեն մենապայքարային ձևերը, ինչպես նաև ակտիվորեն մեծանում է MMA-ի նկատմամբ հետաքրքրությունը, գրեփլինգը կարող է մեծ արագությամբ թափ հավաքել ու դառնալ լայն մասսայականություն վայելող մարզաձևերից մեկը։