44-օրյա պատերազմի հետևանքով վնասներ կրած քաղաքացիներն ու կազմակերպությունները նյութական աջակցություն կստանան Արցախի կառավարությունից: Ծրագրի մանրամասները քննարկել են Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Եթե բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ մենք օգտագործելու ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակված գումարները, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 52 միլիարդ դրամը լրացուցիչ, տարբեր այլ խողովակներով բնակարաններ և ֆինանսական աջակցության մեխանիզմով, ապա նյութական մնացած վնասը մենք փոխհատուցելու ենք ՀՀ կառավարության կողմից տրամադրվող գումարներով:
Ֆինանսական աջակցության պետական ծրագրից կօգտվեն հասարակական և արտադրական նշանակության շենք, շրջանառու միջոցներ, գյուղատնտեսական կենդանիներ, խաղողայգի և պտղատու այգի, մեղվափեթակներ և ավտոմեքենա կորցրած ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Գրիգորի Մարտիրոսյան (Արցախի պետական նախարար) - Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության և մուրհակի ձևով:
Մինչև 5 միլիոն դրամի աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության տեսքով: Ավելիի դեպքում շահառու քաղաքացին կամ կազմակերպությունը կստանա գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով մուրհակ:
Ի դեպ, Արցախի կառավարությունը սահմանել է պետական աջակցության առավելագույն շեմեր:
Գրիգորի Մարտիրոսյան - Առաջին ուղղությունը հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններն են: Գնահատման հիմքում կտրամադրվի կադաստրային արժեքը՝ ոչ ավելի, քան 100 միլիոն դրամ:
Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը կգնահատի նյութական վնասների չափերը: