Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը:
Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին:
Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ՝ ավելի քան մեկ դար անց Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:
Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:
2020 թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:
Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ: