Գյուղատնտեսական այս անօդաչուն Հայաստանում փորձարկվում է առաջին անգամ։ Սա Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրի նվերն է Ագրարային համալսարանի ուսանողներին։ Աշխարհում ագրոպարենային համակարգը թռիչքային անցում է կատարում մշակության նորագույն տեխնոլոգիաներին։
Պասկալ Բոկըրս, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար - Տարիներ առաջ տրակտորներն էին համարվում նորագույն տեխնոլոգիաներ, հիմա դրանց որոշ ֆունկցիաներ կատարում են նաև դրոնները, իսկ ուսանողները գյուղատնտեսությունը ճիշտ կառավարելու համար պետք է տիրապետեն խելացի ծրագրերին։
Խելացի ծրագրով աշխատող դրոնը նախատեսված է ցանքատարածքներն ու այգիները բուժելու համար։ Զուգահեռ կաշխատի ևս մեկը, որն էլ բազմաշերտ նկարահանումներով կորոշի ցանքատարածքի, այգու, որ հատվածում որքան բուսականություն է վարակված, կամ որտեղ որքան ջուր է պետք։ Հաշվել են՝ այլ տեխնիկայի համեմատ դրոնով բուժման ծախսը մի քանի անգամ էժան է։
Արմեն Սաֆարյան, Դրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչ - Այս սարքը 20 լիտր հեղուկով կարող է մեկ ժամում 10-12 հեկտար այգի սրսկել։
Վաղուց ժամանակն է, որ Հայաստանն էլ անցնի ճշգրիտ գյուղատնտեսության՝ ասում է Ագրարային համալսարանի ռեկտորը։
Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր - Գյուղատնտեսության մեջ դա անվանում են «գյուղատնտեսություն 4.0»։ Դա հիմնված է խելացի լուծումների, դրոնների օգտագործման, սենսորների, արհեստական բանականության իրերի համացանցի և նման տեխնոլոգիաների օգտագործմամաբ։ Այս խելացի լուծումներն օգնում են, որպեսզի բարձրանա գյուղատնտեսության արտադրողականությունը, արդյունավետությունը, բարձրանա շահութաբերությունը։
Համալսարանում այս տարի կմեկնարկի նաև մագիստրոսական ծրագիրը, որին տիրապետող մասնագետները մշակություն կիրականացնեն նոր տեխնոլոգիաներով ու խելացի ծրագրերով։