ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, վարչության առողջապահական գծով տեղակալ Արմեն Նազարյանը, գնդապետ Մարտին Մկրտչյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Ռազմիկ Մարիկյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշել է. «Այսօր շատերը չգիտեն սոցիալական ծրագրերից օգտվելու ձևերը և խճճվում են բյուրոկրատական քաշքշուքների մեջ»:
Գնդապետ Ավետիսյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակում համապարփակ տեղեկություն է ներկայացրել Պաշտպանության նախարարության կողմից վերջին ամիսներին իրականացրած զինծառայողների սոցիալական ապահովմանը միտված ծրագրերի վերաբերյալ։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ նախարարությունը փոխհատուցումներ իրականացնելու նպատակով փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին իրենց ունեցած տվյալներով՝ հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ:
Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ: Կառավարության որոշմամբ` անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռևս որևէ կարգավիճակ չեն ստացել, վեց ամիս կստանան 300.000 դրամ փոխհատուցում:
Ավետիսյանի խոսքով` 500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածի` անկախ հաշմանդամության կարգից. «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը և աշխարհագրական հեռավորությունը` որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը: Ապա վերջիններս յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացնում են վարչություն, որն իրականացվում է տվյալների ճշգրտում, դրանից հետո ուղարկում հիմնադրամ»:
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող:
Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրել է, որ ունեն տվյալների հավաքագրման խնդիրներ, որոնք վերաբերում են հատկապես վիրավորվածներին:
Նախարարությունը փոխհատուցում է նաև զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաև գերեզմանների բարեկարգման ծախսերը` տրամադրելով համապատասխանաբար 1 մլն 400 հազար և 700 հազար դրամ:
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետը պատասխանել է նաև պատգամավորների ու հրավիրյալների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին զոհվածների վարկերին և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալուն: