Ապրիլի 22-ին Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց են այցելել ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը և ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։
Նրանք զրուցել են դպրոցի տնօրենի, մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։ Գեղարքունիքի մարզում ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշել է, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, որը և կատարման ընթացքի մեջ է։
«2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի ևս 24 դպրոցական ճաշարանում։ Մնացած 17 դպրոցներում, կապված դպրոցական նոր շենքերի կառուցման հետ, ծրագիրն առայժմ կիրականացվի աշակերտներին չոր սնունդ տրամադրելու տեսքով»,- ներկայացրել է վարչության պետը։
Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլաննա Մաթևոսյանի ներկայացմամբ՝ Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի ճաշարանում շինարարական աշխատանքներն սկսվել են 2020 թվականի ձմռան ամիսներից։ Հիմնանորոգման, սարքավորումների տեղադրման և այլ կարգի աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերին, սակայն առայժմ ճաշարանը չի շահագործվում համավարակի պատճառով։
«Ճաշարանի հիմնանորոգման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև մեր մանկավարժները և ծնողները։ 400 հազար դրամի չափով գումար է ներդրվել նաև մեր դպրոցի տնտեսված միջոցների հաշվին։ Մնացած միջոցները տրամադրվել են ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» կողմից։ Անում ենք հնարավորը, որպեսզի ճաշարանը գործել սկսի նոր ուսումնական տարվանից։ Ճաշարանից օգտվելու են 140 աշակերտ։ Միակ խնդիրը մնում է ջեռուցումը, որը կփորձենք լուծել մինչև սեպտեմբեր»,- նշել է դպրոցի տնօրենը։
ՄԱԿ-ի «համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը, իր գոհունակությունը հայտնելով դպրոցական ճաշարանում իրականացված աշխատանքներից, միաժամանակ կարևորել է համագործակցության շարունակությունը Գեղարքունիքի մարզպետարանի, դպրոցների և շահագրգիռ այլ կառույցների ու անձերի հետ, որպեսզի «Դպրոցական սնունդ» ծրագիրը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներում։
«Ուրախալի է, որ հատկացված միջոցները ծառայել են իրենց նպատակին, որ ընթանում է արդյունավետ ու տեսանելի համագործակցություն։ Այսօր մեզ հետ է ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը՝ ոչ միայն փորձի փոխանակման, այլ նաև մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ճանաչողական այցից հետո կհստասկեցվեն աջակցության հիմնական ուղղությունները»,- ներկայացրել է Ելենա Միլոշեւիչը։