Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարում են ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները՝ փոխանցում է The Guardian պարբերականը:
Ակնկալվող քայլը, ինչը Ջո Բայդենը խոստացել էր կատարել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Associated Press գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն այդ մասին դեռևս չեն տեղեկացրել Թուրքիային, և Բայդենը դեռևս կարող է մտադրությունը փոխել:
Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ի նախաշեմին, ամերիկացի օրենսդիրներն ու ամերիկահայերն ամեն ինչ անում են, որպեսզի Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահները Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվան նվիրված իրենց խոսքում խուսափում են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը նամակ էր հղել Ջո Բայդենին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դառնալ առաջին ԱՄՆ նախագահը, որը հայերի կոտորածը կանվանի ցեղասպանություն: