Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից, ենթադրաբար ադրբեջանցիների կողմից, կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի հետկեսօրեին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայումս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- մանրամասնեց Թադևոսյանը:
Ուսումնասիրվում է՝ արդյոք հնարավո՞ր է փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորել բնակելի տուն Ստեփանակերտում:
Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ:
«Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկատվություն է տարածվել՝ այդ ուղղությամբ ևս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում»,- ասաց Թադևոսյանը: