Հայաստանում բնակարաշինությունն ակտիվացել է։ Ոլորտում տևական ժամանակ գործող ու արդեն 30 միլիարդ դրամի ներդրում արած «Կապիտալ Բիլդ» ընկերության վաճառքի տնօրենը չի ընդունում տարածված կարծիքը, թե Հայաստանում բնակարանների գներն ընկել են։ Կառուցապատումն այն ոլորտներից է, որտեղ ներդրումները միշտ արդարացվում են՝ համոզված է անշարժ գույքի շուկայի մասնագետը։ Հիմա ընկերությունը ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ երկու բազմաֆունկցիոնալ համալիրներ է կառուցում Երևանում և Ծաղկաձորում։
Աննա Ղուկասյան, «Կապիտալ Բիլդ» ընկերության վաճառքի բաժնի ղեկավար - Բավականին առողջ համագործակցություն է, որը նպաստում և կանխում է հետագայում ֆորսմաժոր դեպքերը։
Ծաղկաձորյան համալիրը նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակ ունի։ «Փարթ հոթելի» մեխանիզմով այստեղ բնակարան ունեցողները կկարողանան նաև իրենց բնակարանը որպես հյուրատուն տրամադրել։ Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցումը բիզնեսին օգնելու՝ ներդրումային աջակցման կենտրոնի միակ ծրագիրը չէ։ Թեև կենտրոնն սկսկեց գործել 2020-ի փետրվարից՝ կորոնավիրուսի ու պատերազմի պայմաններում, սակայն արդեն կարողացել է կյանքի կոչել մեկ ու կես միլիարդ դոլարի ծրագիր։
Լևոն Օհանեսյան, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն - Ներդրողը դիմում է մեզ, մեր մասնագետների կողմից տրամադրվում է խորհրդատվություն, իրենց հետ միասին մշակվում է ճանապարհային քարտեզ:
Որպեսզի Հայաստանում ձեռներեցը գործի, կեսից չհիասթափվի, ներդրումների աջակցության կենտրոնի մասնագետները նրա կողքին են լինում մինչև գործի ավարտ՝ ասում է Լևոն Օհանեսյանը։ Անցած մեկ տարվա ընթացքում 500 դիմում են ստացել, 150 ներդրող դեռևս մտածում է գալ Հայաստան, թե ոչ, 70 ծրագիր արդեն ընթացքի մեջ է։ Կենտրոնը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել՝ անկախ ներդրման չափից։
Լևոն Օհանեսյան - Մենք մի քաղաքականություն ենք որդեգրել։ Նախկինում երբեք չի եղել, որ տեղացի ներդրողներն սպասարկվեն։ Այսինքն՝ սա մի նոր շունչ է, որ համաձայնեցված է Կառավարության հետ, որ այս կառույցը պիտի տեղացի ներդրողների հետ էլ համագործակցի։
Տուրիզմ, գյուղատնտեսություն, արտադրություն, շինարարություն նոր ներդրումային ծրագրերն ակտիվ են այս ոլորտներում։ Հայաստանում գրավիչ է նաև արևային կայանների բիզնեսը։