Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության մեծ մասի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո հաջորդ շաբաթ կալանքից ազատ կարձակվեն Գիորգի Ռուռուան և Նիկա Մելիան, գրում է Aliq-ը:
Ըստ համաձայնագրի՝ ապրիլի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում կշնորհի Գիորգի Ռուռուային:
Իսկ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային կողմերն առաջարկում են գրավ վճարել՝ կալանքից ազատ արձակվելու համար: Գումարը հատկացնելու է Եվրամիությունը: Եթե Մելիան չհամաձայնի, ապրիլի 27-ին խորհրդարանում քննարկման կդրվի համաներման նախագիծը, որի ընդունման դեպքում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով բոլոր մեղադրյալներին, այդ թվում՝ Մելիային համաներում կշնորհվի:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացրած նոր փաստաթուղթը չեն ստորագրել «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և Լեյբորիստական կուսակցությունները:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ, անդրադառնալով ընդդիմության և իշխանության համաձայնագրին, նշել է, որ Վրաստան է վերադառնալու այս տարվա աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ: