Գայ գյուղի մանկապարտեզի հիմնարկեքը չորս ամիս առաջ էր. այսօր արդեն Արարատի հայացքի տակ շենքն օր օրի վեր է բարձրանում:
Նախկին պարտեզը, որի դռները մեկընդմիշտ փակվեցին մոտ 30 տարի առաջ, զրկվեց նաև շենքից՝ մասնավորեցվեց: Մանկապարտեզ ունենալը Գայի համար դարձավ գերխնդիր, բայց շնորհիվ սուբվենցիոն ծրագրի արդեն իրականություն է:
Սեյրան Մարկոսյան (Գայ համայնքի ղեկավար) - 164 միլիոնը համայնքի բյուջեից է, 164 միլիոնը՝ Կառավարությունից: Ամեն տարի մի կլորիկ գումար առանձնացվել է մանկապարտեզի համար, կարողանում ենք նաև ճանապարհները վերանորոգել, այնպես որ, բյուջեին վնաս չի հասցվում:
21-րդ դարի մանկապարտեզ ենք կառուցում՝ վստահեցնում են շինարարները: Երկհարկանի, լուսավոր, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Կունենա երեք մասնաշենք, չորս խմբասենյակ՝ յուրաքանչյուրն իր ելքով, մեծ դահլիճ, մշտական տաք ու սառը ջուր, թեքահարթակներ՝ բոլոր մասնաշենքերում: Մանկապարտեզը կջեռուցվի գազով, կդիմանա առնվազն 9 բալ երկրաշարժի:
Նորայր Անախասյան (տեղամասի պետ) - Հիմնական սեյսմիկ շովերը սրանք են, որ պենոպլաստով առանձնացված են:
Մինչև 5 տարեկան ավելի քան 300 երեխա կա Գայում, բայց մանկապարտեզը 120 հոգու համար է նախատեսված: Աճող գյուղ է՝ ասում է համայնքի ղեկավարը, ամուսնացողները շատ են, ծնելիությունը բարձրանալու միտում ունի: Երկու երեխաների հայրն արդեն մտածում է համալրվելու մասին:
Ռազմիկ Խաչատրյան (Գայ համայնքի բնակիչ) - Ինչքան շատ՝ էնքան լավ, թող ազգը բազմանա:
Անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա մանկապարտեզը նոր մասնաշենքով համալրելու:
Սեյրան Մարկոսյան - Կարող ենք մասնաշենք ավելացնել, բացի երրորդից, չորրորդի տեղ էլ ունենք:
Իսկ երկրորդ փուլով կբարեկարգեն բակը. յուրաքանչյուր մասնաշենքի առաջ խաղահրապարակ կկառուցեն, տաղավարներ ու ավազաններ կտեղադրեն, կպարսպապատեն տարածքը: Շնորհակալ գործ ենք անում՝ ասում են շինարարները: Համայնքի բնակիչներն այդ մասին հաճախ են իրենց հիշեցնում:
Ռոման Պողոսյան (շինարար) - Ասում են՝ շնորհակալ ենք, շատ լավ գործ եք անում, գոհ են:
Վերջնաժամկետը 2022-ի մայիսն է, բայց շինարարները խոստանում են շենքը շահագործման հանձնել ավելի շուտ: