Կաղնուտի հյուրընկալ տներն են: Օնիկ պապն ու Էլմիրա տատն ասում են՝ գյուղի երիտասարդները գնացել են, իրենց գյուղը ծերացել է, բայց սիրում են ամեն դուռը բացողին:
Հիմա իրենց ապրելու հիմնական միջոցը այս այգուց բացի հավերն են, պատերազմից հետո կեսը չկան:
Էլմիրա Բարխուդարյան - Գրադը որ խփեց՝ կորան, չիմացանք:
Վախը մերժած՝ հիմա այգում անելիքներ շատ կան:
Օնիկ Բարխուդարյան - Մի քիչ ցորեն ենք ցանում, հողը մշակելու համար ա պետք:
Այգիները մշակելու ու համայնքներին օգնելու համար պատերազմից հետո վարչապետի աշխատակազմը ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, փորձագիտական խումբը շրջում է մարզերում՝ բնակիչների խնդիրներն ու առաջնահերթությունները հասկանալ-լուծելու համար: Հիմա առաջնահերթությունը սահմանին ամենամոտ ապրող մարդիկ են:
Քննարկելուց հետո Կաղնուտ բնակավայրի ընտանիքներին են բերել 13 մոտոբլոկ:
Ռոբերտ Ղուկասյան (ՀՀ վարչապետի խորհրդական) - Մոտոբլոկներ են կոչվում, իրենք առանձին փոքր տնտեսությունների համար են, եթե չեմ սխալվում՝ մինչև 3 հա կարող են մշակել, կցամասերն ունեն իրենց: Այսպիսով ծածկույթ ենք տալիս ամբողջ գյուղին, դրանց հետ տալիս ենք նաև տնկիներ՝ արքայախնձորը, գաճաճ ընկուզենին, խնձորենիներ, որ իրենց տնտեսությունը զարգացնեն: Միայն մեկ ծրագրի շրջանակներում, որ անում ենք, շուրջ 500 մլն դրամի մասին է խոսքը:
Հույս ունեն՝ միջազգային գործընկերների հետ այս ներդրումը երիտասարդներին գյուղ կբերի, ապրող մոտ 50 հոգանոց գյուղում էլի մարդիկ հետ կգան, անելիք շատ կա:
Արթուր Հովհաննիսյան (Կաղնուտ բնակավայրի վարչական ղեկավար) - Մոտավորապես 3 հա այգիներ կան, որ չեն մշակվում:
Հիմա պայմանագրեր են ստորագրում, որ 3 տարի անհատույց տրվող այս տեխնիկայով կօգնեն մյուս հարևաններին, եթե ձեռ ու ոտից ընկած՝ հողում աշխատել չեն կարող: Հարևաններին հիմնականում օգնող Սեյրան Հայրապետյանն էլ մոտոբլոկների աշխատանքին ծանոթ է, ասում է՝ ըստ պայմանի գյուղից տեխնիկան չեն հանելու, պիտի աշխատեն հենց այստեղ, որ անելիք շատ լինի, թշնամին էլ տեսնի՝ գյուղը ծաղկում է, ոչ թե դատարկվում:
Ճանապարհն այստեղ չի ավարտվում. հաջորդ նոր մոտոբլոկները հասնում են Անդրկովկասում ամենախոշոր բնական սոսյաց պուրակ. այստեղ նույնիսկ կիվի են աճեցնում:
Ներքին Հանդ գյուղում կյանքն ավելի ակտիվ է նախորդից: 75 հոգի է ապրում 32 ընտանիքում: Նույնիսկ երեխաներն են եկել իրենց նոր մեքենաները ստանալու:
Նարեկ Բաբայան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Այգիները մշակելու խնդիր չկա, որովհետև տնամերձ են, ոչ թե ավելի խոր, դրա համար անվտանգության խնդիր չկա: Ունեցել ենք 2020-ին 7.8 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր, կարծում եմ՝ Կառավարություն - համայնքներ գործակցությամբ ավելի մեծ ծրագրեր կարող ենք իրականացնել:
Խաչատուր Բաղդասարյան (Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար) - Տենց բնակիչ չկա, որ լքած լինի, բոլորը նվիրված ապրում են, աշխատում են, հավաքվել են, նպատակ ունեն մնան, աշխատեն:
Մնալ-աշխատելու համար մեքենաներն արդեն երեխաներն են գործի դնում, ի՞նչ իմանաս՝ գուցե կողքի գյուղից էլ հարս բերեն: