Ագարակ համայնքում մի խումբ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Ակցիայի մասնակիցները բախումներ են հրահրել ոստիկանության և հատուկ ջոկատայինների հետ, պատռել պետական պահպանության պետի կոստյումը:
Դատախազությունից «Լուրերին» հայտնում են, որ Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն և հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ հարուցել:
Ամբողջ Սյունիքի անունից հանդես եկող ցուցարարները Մեղրիում ևս հավաքվել են՝ խոչընդոտելու վարչապետի այցը: Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր Մեղրիի քաղաքապետ, նախկին «Հանրապետական» Մխիթար Զաքարյանը, որն էլ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ համակարգել է ցույցերը: Նա 2008-ից ղեկավարել է Ագարակ, իսկ 2016-ից Մեղրիի խոշորացված համայնքը և խնդիրներ ունի օրենքի հետ:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա տարեկան 18.000 դրամով 25 տարի ժամկետով Ագարակ համայնքի գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալության է տվել մի քաղաքացու, որն էլ հենց նույն օրը հողատարածքը տարեկան 600.000 դրամով երրորդ կողմին է տվել: 2008-ից մինչև 2021-ի հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350.000 դրամի փոխարեն վճարվել է ընդամենը 3.657.500 ՀՀ դրամ:
Քաջարանում ևս բողոքի ակցիա է եղել, թեև վարչապետը քաղաք չայցելեց: Ցույցի առաջին շարքերում քաղաքապետն էր՝ Մանվել Փարամազյանը, որը ևս քրեական գործով է անցնում:
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար։ Նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ՝ 2020 թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են:
Քաշքշուկից և լեզվակռվից հնարավոր չեղավ խուսափել նաև Կապանում: Այցի դեմ բողոքող քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել վարչապետի աջակիցների հասցեին, ինչն էլ լարել է իրավիճակը:
Սահմանամերձ դարձած Շուռնուխում վարչապետը երեկ երեկոյան է եղել, որևէ դիմադրության չի արժանացել: Մինչդեռ այսօր Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող այս համայնքի բնկաիչներից ոմանք, ըստ մամուլի հրապարկումների, փողոց են դուրս եկել՝ վարչապետի ճանապարհը փակելու մտադրությամբ: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը քրեական մի շարք գործերով է անցնում:
2019 թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործը վերաբերում է համայնքի ղեկավարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելուն, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: 2019 թ. նոյեմբերի 11-ին հարուցված քրեական գործը վերաբերում է առերևույթ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն: 2020 թ. մարտի 18-ին հարուցված քրեական գործը վերաբերում է առերևույթ շահադիտական նպատակներով անձին ազատությունից ապօրինի զրկելուն: Օգոստոսին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք: Միջադեպն արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Վերջին քրեական գործը հարուցվել է 2020-ի դեկտեմբերի 21-ին:
Սյունիքի մարզում նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի պատմությունն այսքանով չի ավարտվում: Մարզի նախկին երկու ղեկավարները՝ Սուրիկ Խաչատրյանն ու Վահե Հակոբյանը, ևս մեղադրվում են քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով: Ի դեպ, այս պաշտոնյաներից ոմանք արդեն միավորվել են, մեկ կուսակցություն ստեղծել և մասնակցելու են հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ կուսակցությունն աջակցելու է Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է նաև Քոչարյանի հետ դաշինքով մասնակցեն: