«Սա նրանից հին» խորագրով այցելուների առաջ վերջապես իր դռները բացեց Հայաստանի ազգային պատկերասրահը, որն այս տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը:
Ըստ ավանդության՝ Սանահինը՝ սա նրանից հին է կոչվել Հաղպատից ավելի հին լինելու համար: Վանական այս համալիրները եղել են միջնադարյան Հայաստանի հոգևոր և կրթական կենտրոններ:
Հոբելյանական տարին բացող ցուցահանդեսը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Գլխավոր թեման Հաղպատի և Սանահինի վանքերն են, նպատակը՝ մշակութային ժառանգության պահպանումը, վերարժևորումը կերպարվեստի և կինոարվեստի միջոցով:
Մարինա Հակոբյան (Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն) - Ամեն մեկս կղզիացած շատ բան չենք կարող անել, բայց միասնաբար շատ բան կարող ենք անել:
Միասին գործելու համար պատկերասրահի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև ստորագրվեց գործակցության հուշագիր՝ ցուցադրելով Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի Հաղպատի և Սանահինի դրվագներով չօգտագործված կադրերը:
Պատկերասրահի պատերին Արշակ Ֆեթվաճյանի մատիտանկար-վավերագրերն են, Շիշմանյանի, Թադևոսյանի, Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները: 100-ամյա կառույցը հոբելյանական տարվա ընթացքում նորություններ կունենա, բայց՝ փուլ առ փուլ: Նորոգումը խանգարում է միանգամից բացվելուն:
Մարինա Հակոբյան - Կարծում եմ՝ որոշ ժամանակ կգործեն միայն սրանք, որովհետև դեռևս շենքը հնարավորություն չի տալիս վերաբացվելու: Այստեղ մենք նախատեսում ենք շարժական փոփոխվող ցուցահանդեսներ կազմակերպել:
Կլինեն նաև հանդիպումներ, կներկայացվեն ֆոնդապահոցի նմուշները:
Մարինա Հակոբյան - Այս ընթացքը մեզ համար շատ լավ էր, օգտագործում ենք մեր էքսպոզիցիայի վերափոխման համար: Տարիներ շարունակ մենք միևնույն ցուցադրությունն ենք ներկայացրել հանրությանը, վերաբացված ցուցադրության ընթացքում մենք արդեն կտեսնենք բավականին աշխատանքներ, գանձեր մեր ֆոնդապահոցներից:
Ցուցահանդեսի գծանկարները առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում: Եղել են Լուվրի դեկորատիվ արվեստների, Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում: Պատկերասրահում տարվա ընթացքում այցելուներին սպասում են անակնկալներ:
Հեղինակ՝ Անի Ավագյան