Չինաստանի արևելյան Շանդուն գավառի Ցինդաո քաղաքի թանգարանում բացվել է «Արևի արմատները» խորագրով հայ ժամանակակից կերպարվեստի ցուցահանդեսը: Այն հետհամաճարակային առաջին միջազգային ցուցահանդեսն է Ցինդաո քաղաքային թանգարանում:
Ցուցահանդեսի կազմակերպիչը «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն է: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 28-ը, որի ընթացքում հազարավոր արվեստասերներ հնարավորություն կունենան ծանոթանալու հայ կերպարվեստին և, մասնավորապես, 15 վարպետների 30 աշխատանքներին:
Ներկայացված նկարիչների, որոնց թվում են՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանը, Անդրեյ Շուգարովը, Գագիկ Խաչատրյանը, Շուշան Առաքելյանը, Շահեն Ասլանյանը, Գոհար Գևորգյանը, Դավիթ Դավթյանը, Արմեն Դերմենջյանը, Նարեկ Ավետիսյանը, Արթուր Սմբատյանը, Աննա Սողոմոնյանը, Վարուժան Եփրեմյանը, Հրայր Խոստեղյանը, Աշոտ Ավագյանը, գործերը բազմիցս ցուցադրվել են արտերկրի միջազգային ցուցահանդեսներում, սակայն ճանաչված չեն բարեկամ Չինաստանում:
Ցուցահանդեսը մեծապես կնպաստի հայ-չինական մշակութային կապերի և բարեկամական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի հանրաճանաչման տարածմանը: