Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Կառավարության (ՀՀ առողջապահության նախարարության) ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ՀՀ առողջապահության նախարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված մարզային բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը և բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
Բժշկական կենտրոնների նորոգման ու վերակառուցման ծրագրի շրջանակում կիրականացվի նաև Կոտայքի մարզի Չարենցավանի բժշկական կենտրոնի բարեկարգումը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է 230 միլիոն դրամ:
Պետական բյուջեի շրջանակներում նախատեսվում է կցակառույցի կառուցում, արտաքին վերելակի տեղադրում և մուտքային հանգույցի կառուցում: Նոր կցակառույցը կլինի շուրջ 357 քմ, որտեղ կտեղակայվեն կենտրոնական ախտահանման բաժանմունքը, ներհիվանդանոցային դեղատունը և նիստերի դահլիճը։
Նշենք, որ ներկա պահին բժշկական կենտրոնը սպասարկում է 35 մահճակալ, ինչպես նաև ունի ինտենսիվ բուժման սրահ՝ 4 մահճակալով:
Շինարարական աշխատանքները կտևեն 6 ամիս: