Կալիֆոռնիայի նահանգային սենատի աշխատանքի, հանրային ծառայության և կենսաթոշակային հանձնաժողովը հավանություն է տվել Էնթոնի Պորտանտինոյի և Սքոթ Ուիլքի օրինագծին: Փաստաթղթով Հանրային ծառայողների և ուսուցիչների կենսաթոշակային հիմնադրամները թույլ կտան քաղաքային իշխանություններին և դպրոցների միացյալ մարմիններին՝ հետ կանչել Թուրքիայի տնտեսության մեջ արած ներդրումները։ Այդ քայլը, ըստ օրինագծի հեղինակների, զգալի կլինի հատկապես հայաշատ քաղաքներում, որտեղ հայազգի ուսուցիչները, ինժեներները, գիտնականները, տնտեսագետները, դատավորներն ու այլ հանրային ծառայողներ հաշվվում են հազարներով:
Էնթոնի Պորտանտինո (Կալիֆոռնիայի Սենատի անդամ) - Օրինակ՝ Գլենդեյլում հարկային ոլորտի շատ ծառայողներ ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են։ Ցեղասպանությունից հետո այդ ընտանիքների անձնական ողբերգության ցավը թարմացավ Արցախյան վերջին պատերազմից, որին ակտիվ մասնակցում էր Թուրքիան։ Այս օրինագիծը կասեցնում է նրանց կենսաթոշակային ֆոնդի ներդրումը այն նույն երկրի տնտեսության մեջ, որը շարունակում է սպառնալիք լինել Հայաստանում ապրող իրենց ընտանիքների համար։ Սա լավ առիթ է ներդրումները հետ կանչելու և Թուրքիային մեր ասելիքը տեղ հասցնելու համար։
Գաղափարը Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանինն է։ Նա համոզված է, որ խոշորագույն նահանգի օրինակին կհետևեն ամերիկյան մյուս նահանգները․
Արտաշես Քասախյան (Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ) - Մեր հույսը դա է, որ երբ մարդիկ տեսնեն, որ ամենամեծ տնտեսական ուժերից մեկը հրաժարվում է ներդրումից Թուրքիայի տնտեսության մեջ, դա նշան կլինի մյուսներին։
Մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարած երկրից ներդրումները հետ կանչելը Կալիֆոռնիայում առաջին դեպքը չէ։ 1986-ին հայազգի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի օրոք Կալիֆոռնիան այդպես պատժել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ դատապարտելով այդ երկրի կառավարության ռասայական խտրականության քաղաքականությունը։ 2008-ին նահանգապետ Շվարցենեգերը հետ կանչեց Սուդանում կալիֆոռնիական ներդրումները Դարֆուրի ցեղասպանության համար։ Իսկ 2017 թվականին Կալիֆոռնիայի համալսարանական համակարգը, հայ երիտասարդների ճնշմամբ, հետ կանչեց ներդրումները Թուրքիայից։
Արտաշես Քասախյան - Տանը նստած կարող ենք կոչեր անել արդարության, հողերը վերադարձնելու, բայց ավելի ռեալ ձևն այն է, որ մենք օգտագործենք մեր ձայնն իբրև Ամերիկայի քաղաքացի՝ ասելով, որ մենք չենք ուզում մեր թաքսի դոլարները գնան այդ կառավարությանն օգնելու։
Արտաշես Քասախյանը հայտնեց, որ Գլենդեյլի ղեկավար մարմինն արդեն իսկ քվեարկել է Թուրքիայում և Ադրբեջանում քաղաքային խորհրդի ցանկացած ներդրում դադարեցնելու օգտին։ Նա հույս ունի՝ Գլենդեյլին կհետևեն մյուս քաղաքները:
Արտաշես Քասախյան - Հույս ունենք, որ սա խոսակցության ուղղությունը կփոխի։ Ինչպես ասում են՝․․․ այժմ այս քաղաքական դրության մեջ է, բայց իբրև սփյուռք մեր աշխատանքն ու նպատակը չեն փոխվում, հակառակը, երբ Հայաստանն ավելի թույլ է, ավելի մեծ է մեր բեռը, որ օգնենք:
457 բանաձևը ևս երկու հանձնաժողովում քննարկվելուց հետո կներկայացվի Կալիֆոռնիայի Սենատի և Ասամբլեայի լիագումար նիստերի դատին, ապա՝ նահանգապետի հաստատմանը։ Ամերիկահայ գործիչներն ասում են՝ սա առաջին քայլերից է խոսքից գործի անցնելու և իբրև ԱՄՆ-ի քաղաքացիներ արդարության հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլերի անցնելու ճանապարհին։