Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ամենամյա ուղերձն է հղել Դաշնային ժողովին: Նա անդրադարձել է տարածաշրջանային հակամարտությունների լուծման թեմային՝ միևնույն ժամանակ կարևոր համարելով Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում՝ կողմերի հաշտեցման գործում:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Մենք արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև իր նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին:
Վլադիմիր Պուտին - Անբարյացկամ գործողությունները Ռուսաստանի նկատմամբ չեն դադարում: Որոշ երկրներում խիստ անվայել սովորություն է դարձել ցանկացած առիթով կամ առանց առիթի փնովել Ռուսաստանին: Մենք իսկապես չենք ուզում կամուրջներ այրել, բայց եթե ինչ-որ մեկը մեր բարի մտադրություններն ընկալում է որպես անտարբերություն կամ թուլություն և մտադիր է վերջապես վառել կամ նույնիսկ պայթեցնել այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի համարժեք, արագ և կոշտ:
Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, որ նրանք, ովքեր կկազմակերպեն իրենց անվտանգության հիմնարար շահերին սպառնացող սադրանք, կզղջան իրենց արարքների համար:
Վլադիմիր Պուտին - Ցանկացած որոշում կայացնելիս ռուսական կողմը կցուցաբերի բավարար համբերություն, պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ, ինքնավստահություն և առողջ բանականություն: Բայց և հուսով ենք, որ ոչ ոք չի մտածի անցնել, այսպես կոչված, «կարմիր գիծը» Ռուսաստանի հարցում: Իսկ այդ գծի տեղը յուրաքանչյուր որոշակի դեպքում մենք ենք որոշելու:
Լինելով Ռուսաստանի՝ որպես նոր սերնդի մարտական համակարգերի ստեղծման, ժամանակակից միջուկային ուժերի զարգացման առաջատար պետության ղեկավար՝ Պուտինը համառորեն հրավիրում է գործընկերներին քննարկել ռազմավարական սպառազինության և գլոբալ կայունության ապահովմանն առնչվող հարցեր: