Իլհամ Ալիևը դժգոհ է Ռուսաստանից, իսկ Հայաստանի հասցեին սկսել է դարձյալ սպառնալիքներ հնչեցնել:
Տարոն Հովհաննիսյան, ադրբեջանագետ - Իլհամ Ալիևն այս կտորում բողոքում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից իրենց պատասխանել են, թե «Իսկանդեր-Մ»-ի հրթիռների արձակում իրենք չեն արձանագրել՝ չնայած Ադրբեջանի ղեկավարությունն ուղիղ խոսքում մեղադրում է, որ «Իսկանդեր-Մ» իրենց վրա արձակել են Հայաստանը և Ռուսաստանը:
Սա վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ Բաքվում կոշտ ձևակերպումներ են թույլ տալիս Մոսկվայի հասցեին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նկատում է՝ հաճախ Բաքվի շուրթերով խոսում է Անկարան:
Արման Եղոյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այս տարածաշրջանում Թուրքիայի երկրորդ խոսափողն է: Այն, ինչը չի կարողանում ասել իր բերանով, ասում է Բաքվի միջոցով: Ադրբեջանի խոսքերում նաև պետք է տեսնենք, թե Թուրքիան ինչ խնդիրներ ունի մեծ տարածաշրջանում:
Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիև կրտսերի՝ Ռուսաստանից դժգոհությունների հաջորդ հատվածը նուրբ ակնարկների տեսքով է: Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ ուժերն Ադրբեջանի թույլտվությամբ են եկել իրենց երկիր և իրենք կարծում էին, թե գործակցության այս նոր ձևաչափը պետք է ամրապնդեր իրենց հարաբերությունները, սակայն, իբր թե հայտնաբերված «Իսկանդերների» բեկորների վերաբերյալ ռուսական կողմի կիսատ պարզաբանումները միայն զարմանք են առաջացնում: Եթե Ալիևի խոսքերին ավելացնենք նաև օրեր առաջ ռուս խաղաղապահներին դուրս հանելու պահանջով Բաքվում կազմակերպված ցույցերը, պատկերն ամբողջական է դառնում: Ադրբեջանագետի համոզմամբ՝ նպատակն այս փուլում Մոսկվայից զիջումներ կորզելն է, որի համար սեղանին են դրվել բոլոր խաղաքարտերը:
Տարոն Հովհաննիսյան - Կարող ենք խոչընդոտներ ստեղծել ձեր խաղաղապահների համար:Կարող ենք հակափիառ անել ձեր զենքերից մեկը, օրինակ՝ «Իսկանդերի» օրինակով, որ կրակել եք մեզ վրա, բայց, օրինակ, մեծ վնաս չի եղել: Ինչ խաղաքարտեր ունեն, դնում են սեղանին, իսկ Հայաստանի նկատմամբ փորձում են խոսել ուժի տեսանկյունից, օրինակ, եթե չհամաձայնեք, մենք կհարձակվենք Սյունիքի վրա:
Սյունիքի նկատմամբ նկրտումների մասին խոսելով՝ Ալիևը նույն հարցազրույցում հայտարարեց՝ 101 տարի անց իրենք վերադառնալու են Զանգեզուր: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն իրականություն է դառնալու: Նաև խոստացել է՝ եթե Երևանը դեմ լինի, պատրաստ են այդ հարցը ուժով լուծել: Եղոյանի համոզմամբ՝ Ալիևի հռետորաբանության կոշտացման պատճառն այն է, որ իր պատկերացրած, այսպես կոչված, միջանցքի հարցն իր ուզած ձևով չի լուծվում:
Արման Եղոյան - Ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է անվտանգային նույն համակարգում, որոնք ամրագրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև, նախատեսում ենք նաև Սյունիքի մարզում համատեղ հայ-ռուսական ուժեր տեղակայել:
Ալիևի հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը փորձեց շտկումներ մտցնել նրա խոսքում՝ հայտարարելով՝ Հայաստանում իբր թե խեղաթյուրել են իրենց նախագահի խոսքը, Ալիևը չի սպառնացելՀայաստանի տարածքային ամբողջականությանը, իրականում՝ իրենց ղեկավարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին:
Արման Եղոյան - Նա ուղղակի տրամադրություն է շոշափում, կոշտ պատասխան է ստանում, հետ է քաշվում: Զգում է, որ ինքն իր ասածի տակից չի կարողանում դուրս գալ, փորձում է հետ կանգնել իր խոսքերից: Մի տեսակ պատանեկան ոճով է գնում իր խոսակցությունը՝ ասել մի բան, հետո տեսնել, թե ոնց առաջ կտանի:
Ալիևի հայտարարությանն արձագանքել են նաև Հայաստանի արտգործնախարարությունից, զգուշացրել՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: