Ստրասբուրգում ավարտվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երկրորդ օրը:
Նախագահող Ռիկ Դեմսը խոստացավ նիստին խանգարող որևէ մեկի վրա որևէ բան չնետել և ազդարարեց մեկնարկը: Հետո նախագահողի տրամադրությունը փոխվեց, երբ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը եկավ ուկրաինական դրոշներով, ինչը կարգի խախտում է:
Օլեքսի Գոնչարենկոն բողոքեց, որ կանցլեր Մերկելի ելույթում խոսք չկար Եվրոպայի հակամարտությունների մասին:
Ռիկ Դեմս (ԵԽԽՎ նախագահ) - Առաջին անգամ չէ, որ բացահայտ խախտում եք խոսքի իրավունքը, պարոն Գոնչարենկո: Սա ժողովրդավարության տուն է, մենք հարգում ենք իրար: Բավակա՛ն է: Վերջին անգամ է, որ իմ նախագահության օրոք ձեզ թույլատրվում է այսպես պահել: Նստե՛ք կամ դո՛ւրս եկեք:
Այս անգամ նիստին առցանց միացել էր նաև Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելը, խոսել մարդու իրավունքներից, հիշեցրել առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերի խոսքը, թե Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի խիղճն է:
Մարդու իրավունքների պաշտպանության հայկական առաջնահերթությունը ռազմագերիների վերադարձի խնդիրն էր, որ ընդգրկված էր նաև նիստի օրակարգում: Ի դեպ, Ռուսաստանի պատվիրակությունը երեկ դեմ և ձեռնպահ էր քվեարկել այսօրվա ընթացքում հարցի քննարկմանը:
Ավելի ուշ ռուսական Պետդումայից պարզաբանեցին. խնդիրը տեխնիկական էր:
Սերգեյ Պախոմով (ՌԴ Պետդումայի պատգամավոր) - Ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակությունն ունեցել է տեխնիկական խնդիրներ, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։
Հայաստանյան պատվիրակությունը կոչ է անում պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին:
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է, որ վերջին տարիներին Եվրոպայի խորհուրդը և Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաների են ենթարկվում իրենց գերակայությունները նախանշելիս: Զոհրաբյանը հիշեցնում է Բաքվում բացված տխրահռչկակ պուրակը, ընդգծում՝ Բաքվի այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցն այսօր պիտի դառնար ԵԽԽՎ գերակա հարցերից մեկը:
Նաիրա Զոհրաբյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՛ւ մինչև հիմա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:
Մարդու իրավունքների պաշտպանությունը հայ ռազմագերիների օրինակով ցույց է տալիս Վլադիմիր Վարդանյանը, հիշեցնում, որ Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների կրկնությունը կանխելու համար:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Կանցլեր Անգելա Մերկելը մեջբերեց Կոնրադ Ադենաուերի խոսքը, ըստ որի Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի խիղճն է: Բայց եկեք հարցնենք միմյանց՝ արդյոք մենք դեռ Եվրոպայի խի՞ղճն ենք, արդյոք մենք անկե՞ղծ ենք իրար հետ և արդյո՞ք դեռ լավագույն կառույցն ենք: Երեկ ադրբեջանցի գործընկերոջիցս լսեցի մի խոսք, որ ինձ հիշեցրեց Ջորջ Օրուրելի գրքերը: Երեկ մեզ մեղադրում էին մոնոէթնիկ երկիր լինելու համար: Եթե այսպես շարունակվի, նրանք մեզ կմեղադրեն ժոողվրդավար երկիր լինելու համար: Ո՞ւր ենք մենք գնում: Մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում: Մենք ասում ենք՝ նրանց կյանքերը վտանգված են: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է: Նրանց իրավունքները պետք է հարգել:
ԳԵՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ. ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ավստրիացի պատվիրակը կոչ է անում ադրբեջանցի գործընկերներին՝ չքննարկել, թե երբ են գերեվարվել հայերը. անկախ նրանից, դա եղել էր պատերազմից առաջ, թե հետո, նրանք պետք է տուն գան: Հայաստանի հարցերի ֆինլանդացի համազեկուցողն էլ ուշադրություն է հրավիրում մարդասիրական օրենքի գերակայության եվրոպական օրենքի վրա:
Կիմո Կիլյունեն (ԵԽԽՎ պատվիրակ, Ֆինլանդիա) - Լեռնային Ղարաբաղում կատարվածը մարդասիրական աղետներից ամենաաղետալին էր: Այո՛, գերիներին պահելը չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը: Բայց կարևոր է նաև մշակութային ժառանգության պահպանումը:
Ադրբեջանցի պատվիրակների ելույթում հիասթափություն է. Եվրոպային մեղադրում են գերիների վերադարձի մարդասիրական հարցը քննարկելու համար:
Միքայել Մելքումյանը եվրոպացի գործընկերներին խնդրում է այլ հարցերի փոխարեն անհապաղ նախաձեռնել հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկումը:
Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղում եվրոպացի գործընկերներին. ձեզ երբևէ շուն անվանե՞լ են: Ադրբեջանի նախագահը հայերին անվանել է:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար) - Երբևէ տեսե՞լ էիք Մադամ Տյուսոյի թանգարանի իրական վերարտադրություն: Անցած շաբաթ մենք տեսանք Բաքվում: Նրանք ինստիտուցիոնալացրին հայերի հանդեպ ատելությունը: Դա անթույլատրելի է: Երբ վերադառնաք տուն, անցնեք առօրյա կյանքին, հիշեք հարյուրավոր հայ երիտասարդներին, որ զրկված են տուն գնալու հնարավորությունից:
Քննարկման ընթացքում քվեարկության դրված բանաձև չկար: Ամփոփիչ հայտարարություն՝ նույնպես: Քննարկմանը հաջորդում է միգրացիայի հանձնաժողովի նիստը, որը նույնպես մասամբ նվիրված է հայ ռազմագերիների խնդրին: Նիստը դռնփակ է: