Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը նշում է 80-ամյակը: Հոբելյարը կտրականապես մերժում է մեծարման բոլոր գնահատականները. 8 տասնամյակ արժանապատվորեն կրել է Ռոբերտ Էլիբեկյան անունը և չի պատրաստվում կուռքի վերածվել: Այսօր էլ լի է աշխատելու անհագ ցանկությամբ ու արարման հրաշքի սպասումով:
Համավարակի ամբողջ ընթացքում տանն արել են ամենը, որ Էլիբեկյանը դուրս չգա, բայց՝ ապարդյուն:Ամեն առավոտ նկարիչը կտրում է սովորական ճանապարհը դեպի անսովոր աշխարհ՝ էլիբեկյանական համաստեղություն, որն այսօր տեղավորվել է արվեստանոցի փոքր տարածքում:
Այստեղ 2020 և 21-ով թվագրված կտավներն իրենց առեղծվածային ու մեծ բովանդակությամբ վկայում են՝ համավարակի ու պատերազմի ընթացքում վարպետը շատ է աշխատել, և նրա գույները զարմանալիորեն փոխվել են, գունապատկերները շատ ավելի թանձր խտություն ունեն, բայց միշտ ինչ-որ մի տեղից լույս է ճառագում: Ասում է՝ տառապանքն ու դժվարությունները կյանքի շարժիչ ուժն են:
Գեղանկարիչ, բեմանկարիչ, կինոնկարիչ և նաև խեցեգործ, բազմաշնորհ ու բազմատաղանդ Էլեբեկյանը մշտապես պաշտամունքի է հասցրել իր սերը գույնի, նյութի, դեկորի հանդեպ և արդյունքում՝ «Պայացներ»,«Անտունի», «Գայանե» և Պարոնյան թատրոնում չարենցյան ներկայացումների ձևավորումներ:
Էլիբեկյանների դինաստիան մեծ գեղագիտության մի բուրգ է, որի գագաթին հայրն էր՝ Վաղաշակ Էլիբեկյանը, հետո ավագ որդին՝ Հենրի Էլիբեկյանը, ապա Ռոբերտը և հիմա արդեն Արեգ Էլիբեկյանը: Ժառանգորդությունը մեծ շնորհ է, և ցանկացած ստեղծագործող արմատներով գնում է մինչև միջնադարյան մանրանկարչություն և անգամ ժայռապատկերներ՝ փաստում է վարպետը: Եվ Էլիբեկյաններից յուրաքաչյուրը տևական փնտրտուքներից հետո գտավ իր ճանապարհը:
Էլիբեկյանի պրպտուն միտքն այսօր էլ նոր՝ անհավատալի գաղափարների ու ու երազանքների անսպառ աղբյուր է, ուրեմն մեծ տոհմի մեծ պատմությունը շարունակվում է: